«Կանայք հասարակությունում հեղափոխությունների, բարեփոխումների գործակալներ են». Ռ. Կիրակոսյան
Քաղաքական
13:22 08/09/2016
Հայաստան

«Կանայք հասարակությունում հեղափոխությունների, բարեփոխումների գործակալներ են». Ռ. Կիրակոսյան

Կանայք շատ լավ են հասկանում խաղաղության գինը, քանի որ հենց այդ խախաղության համար ամենաթանկը վճարողը նրանք են: Այսօր «Կովկասի կանայք հանուն խաղաղության և կայունության: Խաղաղությունը սկսվում է քո տնից» խորագիրը կրող կոնֆերանսի ժամակ իր ելույթի խոսքում ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվորթը՝ կարևորելով կանանց մասնակցությունը հասարակական և քաղաքական կյանքին:

Նշենք, որ տարածաշրջանային բնույթ կրող կոնֆերանսը կազմակերպվում է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ նախաձեռնությամբ: Յուրաքնաչյուր տարի կոնֆերանսի թեման փոփոխվում է՝ պայմանավորված աշխարհում գրանցվող կարևորագույն խնդիրներով:  Տարածաշրջանային կոնֆերանը նպատակ ունի համատեղ հարթակ ստեղծել Կովկասի կանանց համար, ովքեր ներգրավված են խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության գործում:

«Պետք է կարևորել խաղաղության համար կանանց ներդրած ջանքերը, սակայն նրանց մասնակցությունն անբավարար է եղել և հիմա էլ շարունակում է այդպիսին մնալ քաղաքական կյանքում: Անհրաժեշտ է մեծ տեղ տալ կանանց աշխատանքին, աշխատանքի ու խոսք ասելու հավասար հնարավորություններ ապահովել: Մենք աջակցում ենք այս միջոցառումը»,-նշեց դեսպան Ֆարնվորթը:

Միջոցառմանը ներկա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանն էլ ընդգծեց, որ միջոցառումների կարիք կա ամբողջ աշխարհում. «Կովկասը, փոքր տարածաշրջան լինելով, բավական լարված վիճակում է: Նոր և համապատասխան մոտեցումներ են անհրաժեշտ՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար: Պետք է ամեն ինչ անենք, որ այսպիսի կոնֆերանսները երկրագնդով մեկ վերածվեն խաղաղության շարժումների, քանի որ անկանոն քաղաքականությունն աշխարհով մեկ պատերազմի է վերածվում»: 

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան  Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով էլ  կանանց ներգրավվածությունն անհարժեշտ է ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքականությունից սկսած:

«Բավական չէ կանգնել և կողքից քննադատել, պետք է մասնակից լինել ամենին: Կանայք հասարակությունում հեղափոխությունների, բարեփոխումների գործակալներ են: Ես հիմա Հայաստանին նայում եմ իմ 6-ամյա աղջկա աչքերով, ինչպիսի՞ Հայաստան ենք մենք տալու գալիք սերնդին: Հայաստանում իսկական փոփոխությունների կարիք կա և դրանք պետք է լինեն ներսից: Մեր խնդիրները պետք է լուծենք ներսում, մեր ապագան մեր ձեռքում է»;


 

Placeholder
«Կանայք հասարակությունում հեղափոխությունների, բարեփոխումների գործակալներ են». Ռ. Կիրակոսյան