Քաղաքացին ոստիկանությունում պարզել է, որ իր մեքենայի տեխզննման կտրոնը կեղծ է
Իրավունք
11:54 08/09/2016

Քաղաքացին ոստիկանությունում պարզել է, որ իր մեքենայի տեխզննման կտրոնը կեղծ է

Օրերս քաղաքացի Դավիթ Պեդանյանին, որն այժմ զբաղվում է վարորդների իրավունքների պաշտպանությամբ, ծանուցագրով կանչել են ոստիկանություն. սկզբում մտածել է՝ հավանաբար ոստիկանության բարձրաստիճան որևէ պաշտոնյայի մեքենայի առջևից է երթևեկել, բայց հետո պարզվել է, որ ինքը հայտնվել է խարդախների թիրախում:

Ոստիկանության բաժանմունքում Պեդանյանը պարզել է, որ իր մեքենայի համար 2016 թվականի համար ստացած տեխզննման կտրոնը կեղծ է:

«Ամենահետաքրքիրն այն է, որ մաքսատանը մեքենան մաքսազերծելիս  տեխզննման կտրոնը բոլոր մուծումներն անելուց հետո ենք ստացել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ակտիվիստը:

Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով ԱԱԾ լրատվական ծառայությանը, տեղեկարցել էր, որ ԱԱԾ-ի կողմից  իրականացված մեծածավալ  օպերատիվ-հետախուզական, որոնողական և քննչական գործողությունների  արդյունքում բացահայտվել է կեղծ փաստաթղթերի  պատրաստման և իրացման հանցավոր գործողությունների շարք:

Երևանում, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ  քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ  վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, ապրիլի 20-ին Երևանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված  սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարված թվով 19  միաժամանակյա  խուզարկությունների  արդյունքում հայտնաբերվել է  տեխնիկական զննության 1000-ից  ավելի  կեղծ կտրոն, գործի  համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ:

Նախաքննության  ընթացքում ձեռք բերված լրացուցիչ տվյալների հիման վրա  հայտնաբերվել է նաև տպարանը, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոնները:

Հարուցված քրեական գործով ինն անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից  ութի  նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է կիրառվել:

Ոստիկանության բաժանմունքում Պեդանյանին ասել են, որ տեխզննման շուրջ 15 հազար կեղծ կտրոն է հայտնաբերվել և հարուցված քրեական գործի շրջանակներում բոլորին հերթով կանչում են հարցաքննության: Արդյունքում կազմել են զեկուցագիր՝ նշելով, որ իրենք այդ կտրոնների հետ որևէ առնչություն չեն ունեցել և այն ձեռք են բերել ծառայություն մատուցող մարդկանցից:

«Վերջում մեզ հավաստագիր տվեցին, որ եթե ճանապարհային ոստիկանության հետ որևէ խնդիր առաջանա, մենք քաշքշուկի մեջ չընկնենք, որ տեղում լուծվի հարցը: Բայց ինձ մոտ հարց է առաջանում՝ տեսանկարահանող սարքերին ինչպե՞ս պետք է ցույց տամ այդ հավաստող փաստաթուղթը: Միևնույն է, դա խնդիրը չի լուծում», -նկատում է Պեդանյանը:

Նրա խոսքով, մեքենայի տեխնիկական զննման ոլորտում հիմա բարձիթողի վիճակ է՝ ով որտեղ ինչպես հասցրեց տեխզննման կտրոն է տալիս ու ստանում:

«Տեխզննման կտրոնների բաշխման հարցում ոչ մի պետական մոտեցում չկա, դրանց տրամադրմամբ զբաղվում են անհատ ձեռներեցներ, որոնք մենաշնորհել են հավանաբար», -հավելեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ շատ են եղել վարորդներ, ովքեր տեխզննման կտրոն ձեռք են բերել օրինակ՝ թաղապետարաններից, և ԱԱԾ-ն ավելի վաղ հորդորել էր տեխզննման կտրոն ձեռք բերել ոչ թե համայնքների վարչական շենքերում  վարձակալած սենյակներից,  ապահովագրական ընկերությունների գրասենյակներից, տեխզննման կետերից, այլ սահմանված կարգով  դրանք ձեռք բերել բացառապես  ՀՀ  բանկերից:
 

Placeholder