Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Ակոպովի ինքնասպանությունը հետաքննում է օմբուդսմենը
Իրավունք
10:09 09/09/2016
Տարածաշրջան

Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Ակոպովի ինքնասպանությունը հետաքննում է օմբուդսմենը

Վրաստանի հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին պահանջել է Գլդանի №8-րդ բանտում ինքնասպանություն կատարած բանտարկյալ Նոդար Ակոպովի բանտախցի վիդեոտեսագրությունը: Այս մասին գրում է jnews.ge կայքը: 

Հիշեցնենք, որ Նոդար Ակոպովը մեղադրվում էր Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին սպանելու մեջ, նա ինքնասպանություն է գործել օգոստոսի 27-ին: Նոդար Ակոպովի մահվան փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115- րդ հոդվածի համաձայն` հասցնել ինքնասպանության:

«Ակոպովի կալանքի պայմանները նորմալ էին, բայց նա երկու անգամ փորձել է ինքնասպան լինել, որի պատճառով նրան տեղափոխել են մենախուց», – հաղորդել է Վրաստանի հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին՝ հավելելով, որ տղամարդուն մահացած են գտել խցի լոգարանում:

Նա նշել է, որ Ակոպովի խցիկում տեղադրված էր վիդեոհսկողություն: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ դեռ չկա որևէ ապացույց, որ, Ակոպովի հանդեպ բռնի գործողություններ են ձեռնարկվել այլ բանտարկյալների կամ պահակախմբի կողմից:

Հանրային պաշտպանի գրասենյակը հարցում է ուղարկել դատախազություն տրամադրելու բանտարկյալի տեսագրությունը, ով ենթադրաբար ինքնասպանություն է գործել:

«Մենք նամակ ենք ուղարկել` պահանջելով տրամադրել այս դեպքի վերաբերյալ բոլոր տվյալները, որպեսզի համոզվենք այն բանում, որ Ակոպովի հանդեպ բռնություն չի կիրառվել», – հայտարարել է Ուչա Նանուաշվիլին:

 

Placeholder