Վստահաբար ասում եմ՝ Պավել Մանուկյանի ոտքի կարճացման խնդիր չկա. Բժիշկ
Իրավունք
16:58 09/09/2016

Վստահաբար ասում եմ՝ Պավել Մանուկյանի ոտքի կարճացման խնդիր չկա. Բժիշկ

Պավել Մանուկյանի վիրահատությունն ավարտվել, անցել է ըստ ծրագրվածի՝ նորմալ, և նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

«Վիրահատության ժամանակ տեղադրվել է հատուկ մետաղական հարթակ և ֆիքսվել են կոտրվածքի բոլոր բեկորները և հիմա այն արդեն անցել է վերջնական ֆիքսացիայի», -ներկայացրեց Մանուկյանը՝ նշելով, որ մետաղական հարթակները նման կոտրվածքների դեպքում հանվում են մեկ տարի հետո:

Մանուկյանը նկատեց, որ Պավել Մանուկյանը հաշմանդամ չի մնա, քանի որ բոլոր վիրահատությունների արդյունքում կկարողանա քայլել, պարզապես բազմաբեկորային կոտրվածքների պարագայում բուժումը երկար է ու մի քանի փուլերով:

«Հիմա կարող եմ վստահաբար ասել, որ Պավել Մանուկյանի ոտքի կարճացման խնդիր չկա, մենք, անգամ, չափել ենք ոտքը վիրահատությունից հետո: Եթե լինի էլ, ապա մեկ սանտիմետրի խնդիր է լինելու: Մեկ սանտիմետրը աննշան բան է, և նույնիսկ հիվանդը կարող է չզգալ, եթե մենք իրեն չասենք», -նշեց բժիշկը:

Նաև ասաց, որ Պավել Մանուկյանը դեռևս կմնա բժշկական կենտրոնում, որպեսզի բժիշկները կարողանան «շտկել հետվիրահատական խնդիրները»:

«Երբ վստահ լինենք, որ բոլոր խնդիրները լուծված են, ապա այդ ժամանակ մենք նրանք կտեղափոխենք «Դատապարտյալների հիվանդանոց»», -նշեց Մանուկյանը:

Placeholder