Արտաշես Քալանթարյանի «Բումերանգ» պիեսը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում
Պատանի հանդիսատեսի թատրոնում սեպտեմբերի 16-ին կկայանա առաջնախաղ. բեմ կբարձրանա Արտաշես Քալանթարյանի «Բումերանգ» պիեսը: Թատրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ բեմադրությունն իրականացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը:
«Թատրոնին մի պիես էր հարկավոր, որտեղ վեր կհանվեին, այսպես ասած, ընտանեկան խնդիրները, ծնողների ու զավակների փոխհարաբերությունները: Պետք է ասել, որ բոլոր ժամանակներում այդ խնդիրները յուրահատուկ բարդություններով են ընթանում»,- ասաց Հ. Ղազանչյանը:
Բեմադրիչի փոխանցմամբ, «Բումերանգ» պիեսը դրությունների կատակերգություն է. «Նման կատակերգություն որոնելու համար միշտ փորձում ենք նայել դեպի Եվրոպա կամ ԱՄՆ, որպեսզի մեզ մոտ բերենք դրությունների կատակերգություն, ինչն այս անգամ չարեցինք, քանի որ հայ հեղինակի պատրաստի գործ կար, որն, իմ կարծիքով, պարզապես անհրաժեշտ էր թատրոնին»:
Հ. Ղազանչյանն ասաց, որ սա իր երկրորդ անդրադարձն է Ա. Քալանթարյանի պիեսին. «Երբ նշանակվեցի 1985թ-ին Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր իմ առաջին բեմադրությունը պրոֆեսիոնալ թատրոնում, եթե չհաշվենք դիպլոմային աշխատանքս, որն Երևանում էի արել՝ Արտաշես Քալանթարյանի «Բումերանգ» պիեսն է եղել: Եվ տարիներ անց (մոտ 30) ես դարձյալ անդրադառնում եմ այդ պիեսին: Ամենաուրախալին այն է, որ, իհարկե, ժամանակի հետ փոխվել է որոշ տերմինաբանական անուններ, որոնք, անշուշտ խմբագրման կարիք ունեն, սակայն պիեսն իր ասելիքով շարունակում է մնալ արդիական»:
Ներկայացումը նվիրվում է Ա. Քալանթարյանի 85-ամյակին:
«Երբ արդեն սկսված էին պիեսի վրա աշխատանքները, հանդիպեցի Քալանթարյանի ավագ որդուն՝ Ալեքսանդրին, և պարզվեց, որ այս տարի Արտաշես Քալանթարյանի համար տարին հոբելյանական է. դա մեզ համար ուրախալի փաստ էր: Նշեմ, որ մեր ներկայացման առաջնախաղը կկայանա Քալանթարյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 16-ին: Ընդհանրապես այդ սերնդի գրողներին մի տեսակ ժամանակը անտեսում է, գուցե, միշտ չի հիշում, և սա այն առիթներից մեկն է, որպեսի խոսենք, հիշենք մեծերին»,- ասաց Հ. Ղազանչյանը:
Ներկայցման մեջ զբաղված են ՊՀԹ-ի առաջատար դերասաններ Արտաշես Շահվերդյանը, Անահիտ Բաբելյանը, Արա Մաթևոսյանը, Մարիետա Նազարյանը և ուրիշներ: Ներկայացմանը մասնակցում են նաև թատրոնի երիտասարդ դերասաններ: