Բերբերյանը պնդում է՝ կարտոֆիլի շուկայում աժիոտաժ է ստեղծվել ինչ-որ մեկի գրպանի համար
Կարտոֆիլի շուկայում բարձացված աժիոտաժն Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն արհեստական է համարում՝ հրահրված ինչ-որ մեկի կողմից:
«Ուղղակի մարդը փորձում է իր կարտոֆիլն արագ վաճառել, արհեստական աժիոտաժ է հրահրում»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց Բերբերյանը:
Միավորման նախագահի վստահեցմամբ, այս պահին ինքն էլ չգիտի մեղավորի անունը, իրեն կասեն, ինքն էլ մյուս շաբաթվա մեջ ասուլիս կհրավիրի ու գաղտնիքը կբացի: Այս պահին հաստատ մի քանի բան է ասում՝ Հայաստանը կարտոֆիլի առումով ինքնաբավ է, գներն այս պահին մատչելի են ազգաբնակչության համար, Ռուսաստան արտահանելու համար տնտեսվարողների հետ բանակցությունները շուտով կավարտվեն, Հայաստանյան շուկայում էլ կարտոֆիլը կթանկանա:
«Կարծում եմ մեկ ամսից, երբ Ռուսաստանում ձյունը ծածկի դաշտերը, և մենք ունենք այդ տվյալները, որ բավականին կարտոֆիլ մնալու է ձյան տակ, բերքն էլ անցած տարվա նման հաջող չի: Արտահանում կիրականացվի, մեզ մոտ էլ գները կբարձրանան»,- շուկայի հնարավոր զարգացումները ներկայացնում է Panorama.am-ի զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Լոռու և Շիրակի կարտոֆիլագործներն օրեր առաջ հայտարարեցին, որ հրաժարվում են մեկ կգ կարտոֆիլը վաճառել 70-80 դրամով, քանի որ, ըստ նրանց, դա ինքնարժեքից ցածր գին է:
Բերբերյանի խոսքով՝ եթե տնկանյութը տեղական է, ապա մեկ կգ կարտոֆիլի համար 70-80 դրամը խելամիտ գին է, եթե այն ներկրված է արտասահմանից, ապա շահույթը կարող է չնչին լինել:
«Վիճելի հարցեր շատ կան: Բայց մենք դրդապատճառը պարզել ենք: Մի նախկին պատգամավոր կա, որը գյուղնախարարությունից ժամանակին անվճար պարարտանյութ բան էր ստանում ժամանակին, ըստեղից-ընդեղից բան պոկելու սովորություն ունի: Գիտեմ էդ աժիոտաժն ինչից է, իր սեփական գրպանի համար: Երեքշաբթի-չորեքշաբթի ավելի ստույգ հայտարարություն կանեմ»,-ասաց Բերբերյանը:
Միավորման նախագահի հաշվարկներով, լեռնային ու նախալեռնային գոտիներում ցանքատարոծությունների մակերեսը նույն է մնացել, 100-150 հա-ով ավելացել է Արարատյան դաշտավայրում:
«Իրոք լավ բերք կա, ուղղակի այն ինչ մենք պլանավորել էինք, այդ քանակությամբ չարտահանվեց: Լարսը փակ էր, լաստանավով անմիտ էր դառնում: Կարծում եմ, աշնանը մեր սխալը կուղղենք»,-ասաց Բերբերյանը, ավելացնելով, որ նախորդ տարվա համեմատ այս տարի կարտոֆիլի ավելի քիչ բերք կլինի:
Հարակից հրապարակումներ`
- Կարտոֆիլագործներն անելանելի վիճակում են
- ԳՆ պարզաբանումը՝ կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ
- Ներկրված կարտոֆիլի պատճառով գյուղացիները չեն կարողանում իրացնել իրեն բերքը. «Ժողովուրդ»
- ԳՆ պարզաբանումը. Ներկրմանը զուգահեռ կարտոֆիլն արտահանվել է
- Բերբերյան. Կարտոֆիլի շուկան հայ արտադրողին է