Հրազդանում վրաերթի հետևանքով մահացած երեխայի հոր մեղադրանքը փոխվել է, նա ազատ է արձակվել
Հրազդանում երեխային մահացու վրաերթի ենթարկած վարորդ Վանիկ Սարգսյանին սպանելու փորձ կատարելու համար ձերբակալված հայրը՝ Գագիկ Խամփերյանը, ազատ է արձակվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է գրավ: Բացի այդ, Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ Խամփերյանի նկատմամբ նախկինում առաջադրված սպանության փորձ կատարելու մեղադրանքը փոխվել է, և նրան առաջադրված մեղադրանքն այժմ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով է՝ «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը»:
Ավելի վաղ Panorama.am-ը անդրադարձել էր այս դեպքին նախնական քննության տվյալներով՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 121 շենքի հարևանությամբ գտնվող էլեկտրաէներգիայի բախշիչ ենթակայանի մոտ, Գ. Խամփերյանը վիճաբանել է Վանիկ Սարգսյանի հետ, ով մեղադրվում է կրտսեր Խամփերյանին վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու հարցի շուրջ։
Վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ է հասցվել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերք, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող 2 վերք, որի հետևանքով Վ. Սարգսյանը տեղափողվել է «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ և ենթարկվել վիրահատության:
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նկատի ունենալով, որ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ (սպանության փորձ)՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, և Գ. Խամփերյանը ձերբակալվել էր։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։
Նկատենք, որ երեխային վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու համար վարորդ Վանիկ Սարգսյանին առաջադրվել է մեղադրանք, սակայն նա կալանավորված չէ:
Ըստ վերջինի մեղադրական եզրակացության, նա այս տարվա հուլիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ալկոհոլի գործածման հետևանքով գտնվելով ոչ սթափ վիճակում, վարելով «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան, քրոջ ամուսնու՝ Հարություն Իգիթխանյանի հետ, իրենց շենքի բակից ընթացել է դեպի Հրագդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկի ուղղությամբ:
Հասնելով «ՎԵՎ» սուպերմարկետի դիմացի խաչմերուկ, ճանապարհի խաչմերուկային հատված մուտք գործելով թույլ է տվել «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի և ՃԵԿ-ի 65 և 66 կետերի պահանջներին հակասող գործողություններ՝ դեպի ձախ շրջադարձի կատարումն իրականացրել է ավտոմեքենայի ընթացքի այնպիսի արագությամբ, որի պայմաններում զրկված է եղել ավտոմեքենայի կառավարումն ապահովելու և տվյալ շրջադարձն իր վարած ավտոմեքենայի ընթացքի ուղղության երթևեկելի ուղեմասի սահմաններում անվտանգ կատարելու տեխնիկական հնարավորությունից և ավտոմեքենան ընթանալով դեպի աջ, երթևեկելի մասի սահմաններից դուրս է եկել ճանապարհի աջ կողմում առկա մայթի վրա, վրաերթի ենթարկել մայթով քայլող հետիոտն, անչափահաս 7-ամյա Արմեն Գագիկի Խանփերյանին:
Ըստ մեղադրանքի, բացի երեխայից, նա հարվածել է նաև «ՎԵՎ» սուպերմարկետի աստիճանահարթակին, ապա՝ մսի վաճառքի շինությանը: Երեխան վրաերթի հետևանքով ստացել էր գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարմամբ պայմանավորված գանգուղեղային բաց, բութ վնասվածք և տեղում մահացել:
Հարակից հրապարակումներ`
- Հրազդանում վրաերթի ենթարկված երեխայի հայրը վիճել է ու դանակահարել վարորդին
- Հրազդանում 7-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան