Արփենիկ Նալբանդյան. 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես` ՀԱՊ-ում
Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերի 28-ին տեղի կունենա գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Ազգային պատկերասրահի և ընտանիքի համագործակցության շնորհիվ հայ արվեստասեր հանրությանը ներկայացվում է Ա. Նալբանդյանի 65 աշխատանք: Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է պատկերագիրք:Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Ազգային պատկերասրահից:
Նկարչուհու ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում է ստեղծագործական զանազան փուլերի գեղարվեստական երկեր` Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության և ֆոնդային 48 գեղանկար, ընտանիքի հավաքածուի 17 կտավ: Արփենիկ Նալբանդյանն աշխատել է տարբեր ժանրերում՝ դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, սակայն դիմանկարը նրա արվեստում մշտապես գերակշիռ տեղ է զբաղեցրել: Գեղանկարչուհին վրձնել է շուրջ 300 գործ, որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում, Հայաստանի պատմության թանգարանում, ընտանիքի և մասնավոր այլ հավաքածուներում:
Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թ. Վրաստանում, մասնագիտական կրթություն ստացել Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում: 1941թ. ամուսնանալով Էդուարդ Իսաբեկյանի հետ` Նալբանդյանը տեղափոխվել է Երևան և ներգրավվել երկրի մշակութային կյանքում: 1946 թվականից (հիմնադրման սկզբից) մինչև կյանքի վերջը դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1948 թվականին և 1952 թվականին ընտրվել է Քաղխորհրդի պատգամավոր։ 1957 թվականին հաստատվել է որպես դոցենտ, Մոսկվա: 1941 թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։ Արփենիկ Նալբանդյանը մահացել է 1964 թվականի մայիսի 17-ին Երևանում:
Լուսանկարները՝ Ազգային պատկերասրահի կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա