Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանյան երեք կուսակցություններ ստորագրեցին քաղաքական համագործակցության հուշագիր
Քիչ առաջ Երևանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստորագրեցին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին համատեղ համագործակցության վերաբերյալ հուշագիր:
Փաստաթղթի ներքո ստորագրեցին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, Արամ Սարգսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, Էդմոն Մարուքյանը:
«Թող աստված մեզ պահապան լինի, որ փրկենք Հայաստանը»,-ստորագրումից հետո իր ելույթում ասաց Ս. Միքայելյանը՝ շնորհավորելով ներկաներին:
Նա դիմեց ժողովրդին, երկրի ապագայով մտահոգ անձանց՝ հավատալ ու վստահել իրենց, ինչն էլ կդառնա այդ քաղաքական այդ ուժի հաղթանակների գրավականը:
Հուշագրում ասված է.
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝
– հավատարիմ լինելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց հանձնառությանը,
– գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությունը,
– ելնելով Հայաստանի արդիականացման և ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունից,
– ականջալուր լինելով հակասությունները հարթելու և համագործակցության հիմքեր դնելու հանրային պահանջին,
Համաձայնության եկան համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին:
Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝
ա) 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով:
բ) համատեղ գործունեության (այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման) վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով:
գ) համատեղ գործունեության արդյունքում կսկսեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ:
դ) հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելի՝ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ։
ե) արձանագրում են, որ իրենց համատեղ գործունեությունը հիմնված է Հայաստանի շահերի գերակայության սկզբունքի վրա և նպատակ ունի ապահովել Հայաստանի երկարատև ու կայուն զարգացումը:
Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ
Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի նախագահ
Սասուն Միքայելյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ»։