Ատոմակայանի հետ կապված խնդիր չկա. վստահեցնում է Հայկ Հարությունյանը
Հասարակություն
14:20 23/01/2017

Ատոմակայանի հետ կապված խնդիր չկա. վստահեցնում է Հայկ Հարությունյանը

Հայկական ատոմային էլեկտրակայանի հետ կապված որևէ խնդիր չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 21-ին վթարային անջատման հետևանքով Հայկական ատոմային էլեկտրակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանության աշխատանքին:

«Դա ատոմակայանի խնդիրը չէր, դա բարձրավոլտ էլեկտրակայանների ցանցերի գծերի վրա առաջացած սովորական խնդիր էր, որն առաջացել էր սառույցների կուտակումից: Այդ դեպքը ցույց տվեց, որ ատոմակայանի պաշտպանական համակարգերն անխափան աշխատում են: Կարճ ժամանակում խնդիրը վերացվել է, դրա արդյունքում համակարգային ոչ մի վթար չի եղել: Ուզում եմ կրկնել՝  դա ատոմակայանի հետ կապված  չէր»,- ընդգծեց  Հայկ Հարությունյանը:

Հայկ Հարությունյանն ընդգծեց, որ այս պահին ատոմակայանում որևէ խնդիր չկա. «Որևէ մեկը խնդիրը չի զգացել, քանի որ համակարգը նորմալ աշխատում է, տեխնիկական ապահովվածությունը բարձր մակարդակի վրա է»:

Նշենք, որ բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գծերում վթարային անջատման հետևանքով աշխատել է ատոմակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությունը: Արդյունքում 110 կՎ երկրորդ հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությամբ  ամբողջությամբ հոսանքազրկվել է ՀԱԷԿ-ի 110 կՎ-ի ենթակայանը և առաջին բլոկի էլեկտրասնուցումը: Ժամը 16.05-ին բլոկ-գեներատոր-տրանսֆորմատոր դիֆերենցիալ պաշտպանությամբ  անջատվել է նաև Տ-3 բլոկային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով ատոմակայանը մասամբ բեռնաթափվել է:

 

Placeholder
Ատոմակայանի հետ կապված խնդիր չկա. վստահեցնում է Հայկ Հարությունյանը