Ես փորձում եմ անել հնարավոր ամեն բան հավաքականին օգնելու համար. Հենրիխ Մխիթարյան
Սպորտ
12:02 27/03/2017
Հայաստան

Ես փորձում եմ անել հնարավոր ամեն բան հավաքականին օգնելու համար. Հենրիխ Մխիթարյան

«Առաջին խաղակեսում վատ հանդես չեկանք, լավ էր, ուղղակի մեր գոլային պահերը չօգտագործեցինք:  Երկրորդ կեսում հակառակը ստացվեց՝ մինչև գոլերը փոքր-ինչ  պասիվ էինք, բայց հետո ստացվեց գոլ խփել, որն ամենակարևորն էր, իսկ հետո  խաղի թելը մեր ձեռքում էր և կարողացանք այն ավարտին հասցնել»,-լրագրողների հետո զրույցում ասել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ Ղազախստանի նկատմամբ տոնած հաղթանակից հետո:

Նա նշել է, որ միշտ հաճելի է տեսնել լեփ-լեցուն մարզադաշտ, բայց իհարկե ավելի հաճելի կլինի ավելի շատ մարզասեր տեսնել. «Մենք խաղում ենք նրանց համար,  հաղթում ենք նրանց համար և ցանկություն ունենք, որ էլ ավելի շատ մարդ գա մարզադաշտ»:

Անդրադառնալով Գևորգ Ղազարյանի վնասվածքին, մասնավորապես՝ դրանից հետո ինչ փոխվեց խաղում,  Հայաստանի հավաքականի ավագը պատասխանել է՝  չի կարող ասել, թե դա փոխեց թիմի պլանները, քանի որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել հենց առաջին րոպեին. «Նրան փոխարինած Տիգրան Բարսեղյանը վատ հանդես չեկավ, շատ ակտիվ էր ու փորձում էր թիմին օգնել իր սրություններով: Բայց ամենակարևորը՝ Գևորգ Ղազարյանին առողջություն եմ ցանկանում, քանի որ դա ավելի կարևոր է, քան այս հաղթանակը»: 

Հարցին, թե կարող է ասել, որ արդեն  լավ մարզավիճակում է, Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ երբեք իր մարզավիճակին ու խաղին գնահատական չի տալիս, քանի որ կարծում է՝ ֆուտբոլասերները  պետք է գնահատեն. «Ես փորձում եմ անել հնարավոր ամեն բան հավաքականին օգնելու համար, լինում են դեպքեր՝ ստացվում են, լինում են դեպքեր՝ չեն ստացվում: Ամեն դեպքում չեմ կարող ես ինքս միշտ տանել հավաքականին իմ հետևից, տղաները պետք է կարողանան պատասխանատվություն վերցնել և կարողանան փոխարինել ինձ»:

Դիտարկմանը,  թե Հայաստանի հավաքականում միակ ֆուտբոլիստն է, որ հավաքականի խաղում 20 գոլ է խփել, նշել է, որ ուրախ է դրա համար, հաճելի է գոլեր խփել հավաքականի կազմում:

«Պաշտոնական խաղում, եթե չեմ սխալվում, վերջին անգամ գոլի հեղինակ էի դարձել 3 տարի առաջ՝ Դանիայի հետ արտագնա խաղում: Դա այդքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ այսօր հաղթեցինք, և կարողացանք երեք միավոր վաստակել»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը: 

Նա միաժամանակ նշել է, որ ֆուտբոլ է, ոչինչ չեն պլանավորում,  ամեն ինչ կարող է ստացվել:

«Առաջին կեսում չկարողացանք մեր պահերն օգտագործել, երկրորդում՝ կարողացանք: Կարևորը՝ մինչև վերջ հավատում էինք մեր ուժերին, և փորձում էինք խաղալ այնպես, ինչպես մարզիչը մեզանից պահանջում էր: Խաղից հետո հանդերձարանում տղաները, իհարկե, ուրախ էին, բայց եթե ասեմ` ճչում էին, գոռում էին, ոչ: Իսկապես հոգնած էինք, քանի որ շատ ծանր աշխատանք տարանք՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգեպես: Քանի որ շատ ուշադիր պետք է գործեինք պաշտպանությունում, ինչպես նաև՝ առջևի գծում: Ամենակարևորը՝ տղաները հիմա շատ բարձր տրամադրությամբ կվերադառնան իրենց ակումբներ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը: 

Placeholder
Ես փորձում եմ անել հնարավոր ամեն բան հավաքականին օգնելու համար. Հենրիխ Մխիթարյան