Մինսկի խումբը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները
Քաղաքական
10:08 19/05/2017

Մինսկի խումբը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները

ԼՂ հակամարտության խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ   շփման գծում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ:

«Հավաստի աղբյուրներից ստացած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարվածելով ռազմական տեխնիկային։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին  հայկական զինված ուժերը տարբեր տրամաչափի ականանետերից պատասխան կրակ են բացել: Այս գործողությունները երկու կողմերի դեպքում էլ հրադադարի ռեժիմի խախտումներ են ու անհանգստության տեղիք են տալիս»,-նշում են միջնորդները:

Հայտարարության մեջ նշված է, որ հարվածների թիրախներիմ պատճառների, զոհերի ու վնասների վերաբերյալ տեղեկություններն իրարամերժ են:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքել լրացուցիչ տվյալներ՝ կատարվածի վերաբերյալ ամբողջական ու առավել ճշգրիտ պատկերացում կազմելու համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի խախտումները, որոնք արձանագրվել են վերջին օրերին ու կոչ անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ հակամարտության գոտում հետագա հնարավոր էսկալացիայից խուսափելու համար», - ասված է հայտարարության մեջ:

Placeholder
Մինսկի խումբը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները