Հայրենիքի սերը՝ կյանքից առավել. Սասուն Մկրտչյան
Հասարակություն
10:07 10/06/2017
Հայաստան

Հայրենիքի սերը՝ կյանքից առավել. Սասուն Մկրտչյան

Հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած հայորդիներից մեկն էլ  Սասուն Մկրտչյանն է, որը գիտակցված մահով գնաց անմահություն:

Հայրենասիրությունը նրա մեջ էր, նա մեկն էր այն երիտասարդներից, որ հայրենիքի մասին բարձրագոչ ճառեր չէր ասում, այլ լռելյայն իր գործն էր անում:

Այսօր Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է, նա կդառնար 28 տարեկան:

1989 թվականի հունիսի 10-ին Պռոշյան փողոցի տներից մեկում քեֆ-ուրախություն էր: Սասունցիների ընտանիքում տղա էր ծնվել, որին պետք է Սասուն կոչեին:

Մայրը՝ Նարինե Կիրակոսյանը շատ լավ է հիշում երկրորդ զավակի ծնունդը: Թեև բոլորն ասում էին՝ նորից աղջիկ է ունենալու, բայց ինքը զգացել է՝ տղա է լինելու:

«Հիվանդանոց գնալուց առաջ երեխայի անկողինը կապույտ գույնով պատրաստեցի` վստահ լինելով, որ որդի եմ ունենալու: Այդպես էլ եղավ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է հերոսի մայրը:

Սասունցիների ընտանիքում տղայի ծնունդը մեծ շուքով են դիմավորել: Տիկին Նարինեի խոսքերով, աղջկա անունը՝ Անի, ինքն էր ընտրել, բայց սկեսուրին ասել է՝ որդուն անունն ինքը դնի:  Սասունցի տատը ուրիշ անուն չէր կարող ընտրել, թոռան անունը պետք է Սասուն լիներ:

Համակերպվող, աշխույժ, բայց խելոք երեխա էր Սասունը: Տիկին Նարինեն նշում է, որ որդին միշտ ժպտում էր, հիմա այդպես թոռը՝ փոքրիկ Սասունն է ժպտում:

10 տարեկանից զբաղվել է Մուայ թայ սպորտաձևով: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների և պարգևատրվել տարբեր մեդալներով ու պատվոգրերով: Վերջին տարիներին Սասունը ֆեդերացիայի անդամ էր, ինչպես նաև մրցավար և մեկնաբան: 

Սասուն Մկրտչյանը  սովորել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում, աշխատել է ՀՀ վերաքննիչ դատարանում՝ որպես կարգադրիչ: Հետո 2011-2014 թթ ծառայել է Խաղաղապահ զորքերում:

2014 թվականից ծառայության է անցել Հատուկ նշանակության ջոկատում՝ որպես հետախույզ-գնդացրորդ:

Տիկին Նարինեն պատմում է՝  իրենք միշտ դեմ են եղել, որ միակ որդին վտանգավոր ճանապարհ է ընտրել, սակայն ոչինչ անել չեն կարողացել. «Համոզում էի, ասում էի՝ փոխի աշխատանքդ, մարդիկ մեկ-երկու տարի չեն ուզում ծառայել, բայց դու կյանքդ կապել ես էդ սար ու քարի հետ: Ասում էր՝ մամ, դու չես հասկանում»:

Մայրը թեև չի համակերպվել այդ մտքի հետ, բայց հարգել է որդու որոշումը. «Հիմա երբեք չեմ ասում՝ թե ինչու այդ քայլին դիմեց: Այդ ճանապարհն ինքն էր ընտրել: Սասունը ժամկետային զինծառայող չէր, որ պարտադիր պետք է դիրքում կանգնած լիներ: Դա իր ընտրությունն էր, ինքն իր աչքի առաջ ունենալով մահը՝ գնաց այդ քայլին: Մեծ ցավ եմ ապրում, զավակ կորցնելը դա աննկարագրելի տառապանք է, բայց գիտեմ՝ որդիս այդ քայլին գնաց ընկերների կյանքը, հայրենիքը փրկելու համար»:

Տիկին Նարինեն պատմում է, որ Սասունն ապրիլի 1-ին եկել էր տուն, մեկ շաբաթից նշանադրությունն էր: Սակայն սահմանից թշնամու ակտիվության մասին լուրերը ստանալուն պես ապրիլի 2-ի առավոտյան նրան նորից կանչում են առաջնագիծ։ Այս անգամ մեկնում է Թալիշ: Մայրն այսօր խնամքով պահում է որդու ուսապարկը. ապրիլի 1-ին որդին ինչպես այն թողել է, այդպես էլ մնում է նույն սենյակում, նույն դիրքում:

Ծնողներն ասում են, որ մինչև Թալիշ հասնելը մի քանի անգամ խոսել են Սասունի հետ, հորդորել զգույշ լինել, լուրերից արդեն տեղյակ էին, թե ինչ է կատարվում Արցախում:

Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Սասունի ծնողները չեն կարողացել քնել, սպասել են սահմանից լուրերի: Մի պահ Սասունի մայրն իրեն վատ է զգացել, ամբողջ մարմնով ցնցվել է: Հետո է իմանում, որ մինուճար որդին այդ նույն  ժամին զոհվել է թշնամու գնդակից: 

Սասունի ընկերները ծնողներին պատմել են, որ Թալիշի դիրքերից մեկը գրավելուց հետո նրա գնդացիրը փչացել է, հորդորել են՝ առաջ չգնա, բայց չի ենթարկվել:  Սասունը խնդրել է զինակցին վառել կրակայրիչը և սկսել է քանդել գնդացիրը։ Այն կարգի բերելուց հետո կրկին շտապել  է վերադարձնել կորցրած դիրքերը։

«Ընկերներն ասում են՝  թուրքերն այնքան են մոտեցել, որ իր գնդացրով վեր է կացել ու խփելով՝ առաջ գնացել, սակայն դիպուկահարի կրակից ծանր վիրավորվել է, պտտվող գնդակ է եղել: Ընկերներն իջեցրել են ներքև, սակայն Սասունի կյանքը փրկել չի հաջողվել։ Դրանից հետո նրանք շարունակել են կռիվը ու երկրորդ դիրքը հետ վերցրել»,- նշում է հերոսի մայրը: 

Ի դեպ, մայրը որդու զոհվելուց հետո է իմացել, որ Սասունը հրաշալի տիրապետել է թուրքերենին, որ գնդացրորդ էր, միշտ եղել է փակ ու գաղտնապահ:

Մկրտչյանների ընտանիքում ապրիլի 3-ից հետո կյանքն ամբողջությամբ փոխվել է, Սասուն Մկրտչյանի ծնողներին այսօր ապրեցնում է թոռնիկը՝  2016 թվականի սեպտեմբերի 21-ին ծնված Սասունը:  Հենց  ապրիլի 2-ին են նրանք իմացել, որ  դուստրը տղա է ունենալու. «Աղջիկս տղա ունեցավ, Սասունը ծնվեց ու մեր մութ կյանքում փոքրիկ լույս վառվեց: Կարծում եմ՝ ոչ մի բան հենց այնպես չի լինում»:

Հիշեցնենք, որ Սասուն Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝  պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։


 

Placeholder
Հայրենիքի սերը՝ կյանքից առավել. Սասուն Մկրտչյան