Եվրոպական դատարանը հասկացավ, որ գլուխ կտրելն արտառոց երևույթ է. Արա Ղազարյան
Քաղաքական
13:13 25/07/2017
Հայաստան

Եվրոպական դատարանը հասկացավ, որ գլուխ կտրելն արտառոց երևույթ է. Արա Ղազարյան

Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան  21 գանգատ է ներկայացվել ապրիլյան պատերազմի զոհերի վերաբերյալ։ Խալափյանների ընտանիքի վերաբերյալ 3 գանգատ,  տեղահանված բնակիչների կողմից 359 գանգատ՝ (անձնանց թվով բոլորը միասին հասնում է 700-ի) բարձրացնելով խտրականության, կյանքի իրավունքի, արգելված վերաբերմունքի, անձնական կյանքի հարգման իրավունքի, գույքային իրավունքի խախտման հոդվածները,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը:

Նա հայտնեց, որ Եվրոպական դատարանը շատ արագ կոմունիկացրել է մոտ 2 տասնյակ գործ. «Անկեղծ ասած, մեզ համար անսպաելի էր, բայց Եվրոպական դատարանը հասկացավ, որ գլուխ կտրելն արտառոց երևույթ է և Եվրոպայի խորհուրդը չի կարող թույլ տալ, որ իր տարածքում նման դեպք տեղի ունենա»:

Ա. Ղազարյանն ասաց, որ հունիսի վերջին ՄԻԵԴ է ուղարկվել 2016 թ. դեկտեմբերին Չինարի գյուղում տեղի ունեցած դիվերսիոն գործողության դեպքի մասին գանգատը, երբ զինված բախման բացակայության պայմաններում հակառակորդը ներխուժել էր հայկական դիրք: Հայկական կողմը երեք զոհ ունեցավ:

«Ինձ շատ են հուզում սահմանամերձ գյուղերի ռմբակոծությունները, որոնք շարունակական բնույթ են կրում: Մեր աշխատանքային խմբով մտածում ենք, բայց նախ՝ պետք է մեկնենք բնակավայրեր, կապ հաստատենք  այն մարդկանց հետ, ովքեր գույքային վնաս են կրել, ում կյանքն անխուսափելի վտանգի տակ է, ու նման գանգատներ ներկայացնենք»,- նշեց նա:

Իրավաբանի խոսքով, միջազգային կառույցները միշտ փորձում են որոշակի հավասարություն դնել կողմերի միջև. «Բայց եթե նրանք փորձեն այս կոնֆլիկտն ընկալել այլ կերպ, որ սա կոնֆլիկտ է հանուն փրկության, այլ ոչ թե զուտ տարածքներ գրավելու, ապա այդ դեպքում կհասկանան, որ սա արդարացի պայքար է, գոյատևման պայքար, այստեղ առանցքային հարցը մարդու իրավունքն է, ոչ թե քաղաքականությունը»:

Ասուլիսին ներկա «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասաց, որ  2016 թ. ապրիլի 2-ին թշնամու կողմից Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ներքին Ճարտար բնակավայրի դպրոցի հրթիռահրետակոծությունը եղել է թիրախավորված:

«Ապացուցված ենք համարում դա»,- ընդգծեց նա՝ նշելով, որ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նկարահանված «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմում ներկայացված են բոլոր փաստերը, ապացույցները:

«Այդ ամենը խոսում է այն մասին, որ նախապես ուսումնասիրել են ժամը, տեղանքը, նպատակ են ունեցել ուղղակիորեն հնարավորինս մեծ վնաս հասցնել»,- ասաց Լ. Ալավերդյանը:

Նա տեղեկացրեց, որ որպես Ներքին Ճարտարի բնակավայրի հրթիռակոծության հետևանքով տուժած ընտանիքների ներկայացուցիչ, իրենց կազմակերպությունը նյութերն աբողջությամբ պատրաստել է, ուղարկել ՄԻԵԴ, սպասում են արձագանքին:

Լ. Ալավերդյանը համոզված է, որ վերջին միջադեպից հետո, երբ Ադրբեջանը խաղաղ բնակչության շրջանում ունեցավ զոհ, այդ թվում նաև երեխա, ուղղակի արվում է պարիտետային վիճակ ստեղծելու համար:

«Իմանալով Ադրբեջանի այսօրվա ղեկավարության բարբարոսական քաղաքականությունը  և մտածելակերպը, այստեղ կասկած չունեմ: Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության դեմ կազմակերպված այդ երկու հանցագործությունները կազմակերպված էին, թիրախավորված, պետք է բնութագրվի ուղղակի ոչ պատերազմական իրավիճակում հանցագործություններ»,- ասաց նա:

Placeholder
Եվրոպական դատարանը հասկացավ, որ գլուխ կտրելն արտառոց երևույթ է. Արա Ղազարյան