Բողոքի ակցիային միացել է 170 փաստաբան
Իրավունք
16:30 31/08/2017
Հայաստան

Բողոքի ակցիային միացել է 170 փաստաբան

Բողոքի ակցիայի հայտարարությանն այս պահին միացել է 170 փաստաբան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանն ու հրապարակել նրանց բոլորի անունները:

«Հայտարարությունը բաց է, մեր բոլոր գործընկերները կարող են դրան միանալ մինչ սեպտեմբերի 13-ը, հատկապես, որ մինչ այս պահը ոչ բոլորին է հնարավոր եղել իրազեկել և տրամադրել հայտարարության տեքստը»,-ավելի վաղ տեղեկացրել էր փաստաբանը:

Հիշեցնենք, որ հայտարարությանը փաստաբանները, ի նշան փաստաբանի մասնագիտության և փաստաբանության անկախության և հեղինակության դեմ իրականացվող գործողություններին  իրենց անհամաձայնության, 2017թ. սեպտեմբերի 13-ին հայտարարում են բողոքի ակցիա (պայմանականորեն՝ գործադուլ), հրաժարվելով մասնակցել այդ օրը նշանակված դատական նիստերին:

«Նման քայլով մենք նպատակ ունենք արտահայտել մեր բողոքը Հայաստանում փաստաբանության հեղինակության և փաստաբանի մասնագիտության՝ իրավապաշտպանության նկատմամբ վերաբերմունքի այնպիսի անհանդուրժելի դրսևորումների դեմ, ինչպիսին է փաստաբանների և նրանց մասնագիտական ու անձնական տիրույթների և պատկանելիքի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները»,-նշվում է հատարարության մեջ:

Placeholder
Բողոքի ակցիային միացել է 170 փաստաբան