Ի՞նչ է նշանակում ՀՀԿ-ն «քֆուր» է կերել,  օրենքի նախնական տարբերակում կան խնդրահարույց կետեր. Շարմազանով
Քաղաքական
15:31 01/11/2017
Հայաստան

Ի՞նչ է նշանակում ՀՀԿ-ն «քֆուր» է կերել, օրենքի նախնական տարբերակում կան խնդրահարույց կետեր. Շարմազանով

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շարունակում է պնդել, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծում կան խնդրահարույց կետեր:

Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով   մամուլում հրապարակված տեղեկությանը, թե ՀՀԿ-ն «քֆուր է կերել», որ օրինագիծը չի ընդունվի, ԱԺ փոխնախագահը դա պրիմիտիվ խոսակցություններ համարեց. «Դրանք հարիր չեն ոչ ՀՀԿ-ին, ոչ էլ մամուլին, որ նման բան գրի:  Ի՞նչ է նշանակում քֆուր է կերել։ Մենք պարզապես ասում ենք, որ օրենքի նախնական տարբերակում կան վիճահարույց կետեր, օրենք այս տեսքով խնդրահարույց է»: 

Նրա խոսքերով՝ քննարկումները շարունակվում են, որպեսզի օրենքի նախագիծը բերվի ընդունելի տեսքի:  «Այնպես չէ, որ միայն Հանրապետականն է մտահոգություն հայտնել: Խորհրդարանում օրենքի նախագծի լսումների ժամանակ առնվազն երկու այլ խմբակցություններից եղել են պատգամավորներ, որոնք այս օրենքի նախնական տարբերակի հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել: Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք, թե մեզ մոտ կա մտահոգություն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ներկայացնելով, թե որ կետերն են խնրդահարույց՝ նա նշեց, որ, օրինակ, օրենքում հստակություն չկա, թե ինչ է նշանակում տնտեսական, հոգեբանական բռնություն, որոշակիություն չկա նաև ապաստարանների մասով: «Կան ծնողի հեղինակության հետ կապված խնդիրներ, հազար ու մի պրոբլեմ կա: Այնպես չէ, որ իմ ասածը վերջին ճշմարտությունն է, պարզապես մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք ու մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ պետության հիմնասյունն ավանդական ընտանիքն է: Եթե մարդիկ մոռացել են, ապա հիշեցնեմ, որ 2016 թվականին նոյեմբերի 26-ի Հանրապետական կուսակցության  համագումարում ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ մեր պետության հիմքն ավանդական հայկական ընտանիքն է: Բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են հայկական ավանդական ընտանիքի համար, մենք պետք է առաջարկենք վերանայել»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Նրա խոսքով՝ ավանդական հայկական ընտանիքը «ծեծ ու ջարդը» չէ.  «Որևէ նորմալ մարդ բռնությանը կողմնակից չէ, մենք բոլորս բռնությանը դեմ ենք, բայց օրենքն այս տեսքով ունի խնդրահարույց կետեր»: 

Հարցին, թե այս տեսքով դեմ կքվեարկի օրենքին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, թե ինքը խնդրահարույց դրույթներ է տեսնում, իսկ մնացածը կորոշվի քննարկումների ժամանակ:

Placeholder
Ի՞նչ է նշանակում ՀՀԿ-ն «քֆուր» է կերել, օրենքի նախնական տարբերակում կան խնդրահարույց կետեր. Շարմազանով