ՀՀ նախագահ. Մոսկվան մոտ ժամանակներս, գործող պայմանագրի համաձայն, Երևանին կմատակարարի զենքի խմբաքանակ
Քաղաքական
12:16 01/11/2017
Հայաստան

ՀՀ նախագահ. Մոսկվան մոտ ժամանակներս, գործող պայմանագրի համաձայն, Երևանին կմատակարարի զենքի խմբաքանակ

Մոսկվան մոտ ժամանակներս Երևանին կմատակարարի զենքի խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակներում: Այս մասին «Риа Новости» գործակալությանը տված հարցազրույցում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ   100 միլիոն դոլարի նոր վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո: 

«Մինչև այս տարվա վերջ մենք կիրականացնենք դեռ նախորդ պայմանագիրը: Օրերս մենք սպասում ենք նոր մատակարարումների, և մինչև տարվա վերջ կավարտենք նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

2015 թվականի հունիսին ստորագրվել է Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 միլիոն դոլարի պետական վարկ տրամադրելու մասին համաձայնագիր՝ ռուսական արտադրության ռազմական  տեխնիկա ձեռք բերելու վերաբերյալ:

«Մենք արդեն Երևանում ստորագրել ենք նոր պայմանագիր, այն պետք է անցնի բոլոր ռուսական և հայկական համապատասխան ատյաններով, այնուհետև  կլինի վավերացման  ընթացակարգը, և դրանից հետո  կսկսենք աշխատանքը ռուսական կողմից համապատասխան արտադրողների հետ այդ ծրագրի իրականացման համար: Ցավոք, գործընթացը այդքան արագ չի ստացվի»,- հավելել է Հայաստանի նախագահը:

Հիշեցնենք,  Հայաստանի կառավարության կողմից  հոկտեմբերի 12-ին հավանության արժանացած համաձայնագրի նախագծի համաձայն՝ ՌԴ-ն հայկական կողմին կտրամադրի պետական վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքների մատակարարումները ֆինանսավորելու համար:

Համաձայնագրի նախագծում նշվում է, որ վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Հայաստանը պետք է օգտվի վարկային միջոցներից 2018-2022 թվականներին:

Placeholder
ՀՀ նախագահ. Մոսկվան մոտ ժամանակներս, գործող պայմանագրի համաձայն, Երևանին կմատակարարի զենքի խմբաքանակ