ՇՏԱՊ. Բազմազավակ նախկին զինվորականին աշխատանք է հարկավոր
«Երևի լսած կլինեք, մի հինգ տարի առաջ մեկը նախագահականի դիմաց գժություն էր անում երեխայի բուժման համար: Ինքնահրկիզման փորձ էր արել»,-Panorama.am-ի հետ զրույցում իր ու իրեն պատուհասած խնդիրների մասին հիշեցնում է 40 տարեկան Մխիթար Ալումյանը:
Բազմազավակ զինվորականը 5 ամիս առաջ թողել է ծառայությունը: Հինգ երեխաներից երեքին հիմա Կոտայքի մարզի Քաղսի գյուղում միայնակ է խնամում: Դիրքերում գտնվելու օրերին երեխաները մենակ էին տանը մնում, առանց խնամողի: Մայրը մահացել է երկու տարի առաջ, իր ու կնոջ քույր-եղբայրներն ընտանիքներով Հայաստանում չեն:
Մխիթարի կինը մյուս երկու երեխաների հետ երկու տարի առաջ Գերմանիա է մեկնել: Բոլորն էլ, ասում է, առողջական խնդիրներ ունեն, բուժվում են:
16-ամյա Կարինեն ընտանիքի երկրորդ դուստրն է: Հենց նրան բուժելու նպատակով ընտանիքը մասնատվեց:
«1 տարի 10 ամսական էր, ընկավ: Ոտքում՝ չոքի տակ ջուր էր հավաքվել: Այստեղ սխալ բուժում արեցին: Ջուրը դառավ թարախ, թարախը հասավ ոսկորին, հետո արյան վարակ: Հետո ասեցին՝ ոտքը պետք է կտրեք: Մենք չհամաձայնեցինք: Հետո թոքախտ կասկածեցին: Պառկացրեցին Աբովյան դիսպանսեր: Մի քանի անգամ քիմիաթերապիա է ստացել երեխան, դրա հետևանքով մի աչքը 100 տոկոսով, մյուսը 50 տոկոսով կորցրել է տեսողությունը»,-ասում է նա:
Գերմանիայում ասել են, Կարիների մի ոտքի արմունկը պետք է փոխել, աչքը՝ փոխպատվաստել: Բժիշկների հաշվարկով, բուժման համար տասը տարի էլ դեռ պետք է: Հիմա երեխան սայլակով է տեղաշարժվում:
«Կինս, որ անընդհատ գրկել էր երեխային, ման եկել, ողնաշարը ծռվել էր: Գլխի շրջանում էլ ահավոր ցավեր ուներ: Հիմա ինքն էլ Գերմանիայում բուժվում: Հանձնվել են այնտեղ, պետությունն է հոգում բոլոր ծախսերը»,- պատմում է ընտանիքի հայրը:
Մայրիկի հետ Գերմանիա մեկնած 5-ամյա տղան էլ աչքի խնդիր ուներ, շուտ էր ծնվել, չէր քայլում, քթի մեջ միս կար…
Հայաստանում պետական մարմիններից շատերը, հարուստ բարեգործները, լրատվամիջոցները ծանոթ են ընտանիքի խնդիրներին: Սակայն խնդիրները պակասելու փոխարեն օր օրի ավելանում են: Հոր խնամքին մնացած յոթամյա Նարեն արյան հետ կապված խնդիրներ ունի՝ ռոյան նորմայից բարձր է, անընդհատ ջերմում է, բուժումներն արվել են, մասնագետները կարծում են, որ պատճառը մայրիկին կարոտելն է: Մխիթարի մյուս որդին՝ Նարեկն էլ առողջական խնդիրներ ունի:
«Մի երեք տարի առաջ, ես դիրքերում եմ եղել, արաղ էր խմել, ստամոքը վառվել էր: Հիմա Նարեկը 11 տարեկան է, բայց ոնց որ 7 տարեկան լինի, աճը կանգնել էր»,-պատմում է հայրը:
Հիմա Մխիթարն աշխատանք է փնտրում: Կյանքի մեծ մասը զինվորական ծառայության մեջ անցկացրած տղամարդը խոստովանում է, կրակելուց բացի ուրիշ հմտություններ չունի: Այս պահին աշխատանքը նրան օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Երեխաների կարիքները պետք է հոգալ, ստացած թոշակը չի բավականացնում:
«Մի աշխատանք լինի, որ առավոտյան գնամ, երեկոյան տուն գամ: Կամ գոնե մի օր աշխատանքի լինեմ, հաջորդ օրը՝ տանը: Աշխատավարձը գոնե 200 հազար դրամ լինի: Կարող եմ պահակ աշխատել, թիկնապահ, անվտանգության ծառայությունում, որ ասեմ տնօրեն կարող եմ լինել, սուտ է, չունեմ էդ գիտելիքները»,-անհրաժեշտ աշխատանքի պայմանները ներկայացնում է նա:
Մխիթարը մի քանի անգամ դիմել է մարդկանց օգնությանը, ցանկանում է երեխաներին ուղարկել Գերմանիա՝ կնոջ մոտ:
«Քույրիկ ջան, ես մի բան եմ հասկացել, ինչքան էլ լավ հայրիկ ուզում ես եղի, սուտ է, երեխային իր մայրիկն է պետք: Երեխան իր մամայի հետ պետք է մնա: Հիմա մի տասը հազար դոլար գումար է հավաքվել: Երեխայի բուժման համար 2 հազար դոլարը ծախսեցինք: Ես Հայաստանից գնալ չեմ կարող, զինվորական եմ եղել, պետք է հարազատ մի մարդու խնդրեմ, հավաստագիր տամ, որ երեխաներին երկրից երկիր տեղափոխի, իրենց մայրիկի մոտ հասցնի: Ես հայտարարում եմ, որ բուժումից հետո բոլորը հետ կգան, կմիանան ինձ, ես չեմ ուզում, որ մշտական գնան»,-ասում է նա:
Հիմա ընտանիքի անդամներին մոտեցնողը վայբերն է, խոսում են, շփվում, հույսները չեն կորցնում, որ մի օր բոլորով առողջ ու մի հարկի տակ կլինեն:
Մխիթարին աշխատանք առաջարկելու համար կարող եք զանգահարել 077607778 և 055290777 հեռախոսահամարներով:
Լուսանկարները Մ. Ալումյանի ֆեյսբուքյան էջից, նրա թույլտվությամբ: