Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Եթե թանկացումների պատճառը հարկային օրենսգիրքն է, ուրեմն մենք միասին քայլեր ձեռնարկենք, որպեսի հարկային նոր դրույքաչափերը, այսպես ասած, ետողորմեա անենք, այսինքն բերենք մինչև 2018թ. հունվարի 1-ը եղած մակարդակին, որպեսզի գնաճը չշարունակվի»,-ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ թանկացումների դեմ երթն այսօր մեկնարկելու է ժամը 17:00-ին Մոսկվա կինոթատրոնի շենքի դիմացից:
Նրա խոսքով, արդեն թանկացած վառելիքը շղթայաբար բերելու է նոր ապրանքների թանկացման, քանի որ չկա մի ապրանք, որի գնագոյացման մեջ տրանսպորտային ծախսեր հաշվարկված չեն:
Նրա խոսքով, անհրաժեշտ են փոփոխություններ կատարել ԱԱՀ-ին, եկամտահարկին, ակցիազային հարկին վերաբերող դրույթներում:
«Եկամտահարկի դրույթն ուղիղ խփում է աշխատող ու աշխատավարձ ստացող մարդկանց: Աշխատողների մեծամասնության համար եկամտահարկը էականորեն բարձրացել է, և եթե սա համադրում ենք թանկացումների հետ, տեսնում ենք, որ մարդը և ավել հարկ է վճարում, և ապրանքներն է թանկ գնով առնում, ինչը բարդ իրավիճակ է ստեղծում»,-ասաց Փաշինյանը:
Նա ավելացրեց, որ խորհրդարանում իրենց խմբակցության ջանքերը բավարար չեն շրջադարձային փոփոխություններ անելու համար, օրենսգիրք փոխելու համար, դրա համար պետք է հանրությունը ցույց տա իր դժգոհությունը:
«Բավական է, որ մեր հանրությունը թալանին վերաբերվի ըմբռնումով: Այսօր մեր առաջին քայլն է, եթե այն լինի հնչեղ, մենք վստահ ենք, որ կկարողանանք այդ էներգիան, շարժումը կազմակերպել այնպես, որ հասնենք պահանջվող փոփոխություններին, այսինքն հետագա թանկացումների կասեցմանը»,-նշեց նա: