Սամվել Բաբայանը ինքնաբացարկ հայտնեց դատախազին
Իրավունք
17:25 22/01/2018
Հայաստան

Սամվել Բաբայանը ինքնաբացարկ հայտնեց դատախազին

2017թ․ նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանն այսօր վերաքննիչ քրեական դատարանում բացարկ հայտնեց դատախազ Արամ Արամյանին: Բաբայանը հայտարարեց, առաջին ատյանում դատախազը փաստերը գիտակցաբար խեղաթյուրել է:

«Ես դրա համար բացարկ եմ հայտնում, ինքը պատվեր է կատարում: Առաջին ատյանում ինքն է եղել պետական մեղադրողը, իր պահվածքն ասում է, որ կանխակալ վերաբրմունք ունի»,-նշեց Բաբայանը:

Նրա խոսքով, դատախազն անտեսել է հեռախոսային ձայնագրված այն խոսակցությունը, երբ ինքը մերժում է գնել առաջարկված ապրանքը:

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն ավելացրեց՝ համամիտ է Բաբայանի հետ. «Ինչ ասում է, ճիշտ է ասում, մարդը պատվեր է կատարում, անմեղ մարդկանց նստացնում են 10 ամիս»:
Արմեն Պողոսյանը, ամբաստանյալների փաստաբաններն էլ միացան միջոնրդությանը:
Դատախազը Արամյանը ներկայացված միջնորդությունն անհիմն որակեց, ամբաստանյալների կողմից իրավաբանական ու օրենքով սահմանված, ինչպես նաև փաստական հիմնավորումներ չեն ներկայացվել: Նա խնդրեց մերժել միջնորդությունը:

Դատարանը հեռացավ խորհրդակացական սենյակ, վերադառնալով հայտարարեց, որ միջնորդությունը չի բավարարվում:

Նշենք, որ վերաքննիչ քրեական դատարանում գործի քննությունն իրականացնում են նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանը, դատավորներ  Մխիթար Պապոյանն ու  Մանուշակ Պետրոսյանը: 

Նշենք, որ Բաբայանն ու մյուս ամբաստանյալները դիմել են վերաքննիչ դատարան՝ պահանջելով արդարեցնել իրենց` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Placeholder
Սամվել Բաբայանը ինքնաբացարկ հայտնեց դատախազին