Զեկույց․ «Թուրքիայում խոսքի ազատությունը հոգեվարք է ապրում»
Գրողների համաշխարհային ընկերակցության բրիտանական թևը՝ «English PEN»-ը, Թուրքիայում մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել։
«Էրմենիհաբեր»-ը գրում է՝ զեկույցը կոչվում է «Թուրքիայում հոգեվարք ապրող խոսքի ազատությունը․ արտակարգ դրության պայմաններում գրողների, հրատարակիչների և մտավորականների իրավունքների ոտնահարումները»։ Զեկույցում խոսվում է թուրքական կառավարության կողմից ընդդիամադիր ուժերի դեմ կիրառվող «լռեցման քաղաքականության» մասին։
Այն կազմել են պրոֆեսոր Յաման Աքդենիզը և դոցենտ Քերեմ Ալթըփարմաքը։ Լոնդոնում կազմակերպված միջոցառման ժամանակ ելույթ ունեցած պրոֆեսոր Աքդենիզը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի սահմաններից դուրս աշխատանք փնտրող մտավորականները արգելքի պատճառով չեն կարողանում երկրից դուրս գալ։ Պետական ոլորտում աշխատանքից հեռացվողներն այլևս չեն կարողանում աշխատանք գտնել մասնավոր սեկտորում, քանի որ պիտակավորվում են, և ամենամտերիմ ընկերներն անգամ կարող են երես դարձնել նրանցից։
Զեկույցում տվյալներ են ներկայացվել 80 գրողների վերաբերյալ, որոնցից միայն երեքն են քրեական հետապնդման ենթարկվել իրենց հեղինակած գրքերի պատճառով։ Մյուս բոլոր դեպքերում գրողների դեմ իրավական գործընթացներ են հարուցվել մամուլում և սոցցանցերում կատարած հրապարակումների պատճառով։ Նրանց մեծ մասը մեղադրվում է ահաբեկչական խմբավորումների հետ կապեր ունենալու մեջ։
Այդ անձանցից 19-ը դեռևս կալանքի տակ են, 22-ի դեմ դատական վարույթը շարունակվում է, 34-ի վերաբերյալ դատավարությունն ավարտվել է (նրանցից 26-ի համար տարբեր պատիժներ են սահմանվել), և միայն 8 անձ ազատ է արձակվել։
Զեկույցում արձանագրվել է նաև այն փաստը, որ 2017թ․ վերջից մինչ օրս Թուրքիայի 118 համալսարաններից աշխատանքից հեռացվել է 5822 ակադեմիկոս, որոնցից միայն 141-ն է ավելի ուշ վերադարձել իր աշխատանքին։