Լրագրող Տիրայր Մուրադյանը տեղափոխվել է հիվանդանոց
Հասարակություն
11:17 19/04/2018
Հայաստան

Լրագրող Տիրայր Մուրադյանը տեղափոխվել է հիվանդանոց

Բռնության ենթարկված լրագրող Տիրայր Մուրադյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

ԲԿ տնօրեն Արա Մինասյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ լրագրողի մոտ առկա է գլխի փափուկ հյուսվածքների  սալջարդ, վնասվածքներ կան ձախ քունքի, ծոծրակի  հատվածներում: Նրա խոսքով, լուրջ բան չկա, բայց նա պետք է առնվազն 5-7 ժամ մնա բժիշկների հսկողության ներքո:

«Կանխատեսելի բարդություններ չեն առաջանա, բայց մենք պարտավոր ենք հսկել»,-ասել է ԲԿ վերակենդանացման բաժնի վարիչ Սամվել Կարապետյանը:

Տուժած լրագրող Տիրայր Մուրադյանը պատմեց, որ իր նկատմամբ բռնություն գործադրած երկու մարդկանց վարքագիծն ավելի վաղ էր ֆիքսել՝ կառավարական 3 տան դիմաց ակցիայի ժամանակ:

«Նրանք իրենց չէին պահում որպես հավաքի մասնակից, անընդհատ հեռախոսով պատմում էին, թե ինչ են տեսնում»,-ասաց նա:

Լրագրողի խոսքով,  իր բեյջը կախված է եղել, իմացել են, որ ինքը լրագրող է: Իրեն հարվածել են երկու անձինք ոստիկանների աչքի առաջ, ոչ մի ոստիկան չի միջամտել:

«Հարցնում էին՝ ինչի՞ ես նկարում: Ես վազում եմ իրենց հետևից, փախնում են, հասնում ենք Նժդեհի արձանի մոտ: Ես վազում էի նրանց հետևից, որպեսզի նկարեմ: Մելիք Ադամյանից փախան, գնացին: Ես ոստիկաններին հայտնեցի տեղի ունեցած մասին, մոտավորապես պատասխանեցին, հա ի՞նչ»,-պատմեց Տիրայրը:

Placeholder
Լրագրող Տիրայր Մուրադյանը տեղափոխվել է հիվանդանոց