Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ցուցարարները կառավարության շենքի դիմաց են (լրացված ըստ ժամանակագրության)
18:49
Ցուցարարները կառավարության շենքի դիմաց են: Մեծաթիվ ոստիկաններ շարունակում են փակ պահել կառավարության շենքի մուտքը:
17:30
Ավելի քան 3 ժամ ընդհատված երթը շարունակվեց: Ցուցարարները թմբուկների ներքո շարժվեցին Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի մոտ, որտեղ տեղի է ունենում գործադիրի նիստը: Դա Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնի ստանձնումից հետո առաջին նիստն է:
Կառավարության շենքը շրջապատված է մեծաթիվ ոստիկաններով, բացի այդ, ոստիկանությունը հատուկ ուժեր բերեց՝ կենտրոնացնելով Կառավարության շենքի տարածքում:

















14:22
Մինչ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդը հանգստանում է, ցուցարարները քոչարի են պարում:
14:08
Երևանի քաղաքապետարանի շենքի առաջ ոստիկանները պատնեշ են կազմել՝ թուլ չտալով ցուցարարներին մոտենալ շենքին: Նրանք Փաշինյանի ուղեկցությամբ շարժվեցին դեպի Մանկական այգի, որտեղ էլ նստեցին հանգստանալու:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչով կբացատրի ոստիկանական գործողությունները, ըստ որի՝ բերման են ենթարկում տասնյակ քաղաքացիների՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սիրով, սիրով եմ բացատրում»:
Դիտարկմանը՝ սիրելո՞վ են մարդկանց ժամերով ոստիկանությունում պահում, Փաշինյանն արձագանքեց. «Այո, քանի որ նրանք, որոնք բերման են ենթարկվում, երեք ժամ հանգստանալու հնարավորություն են ստանում»:
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդը խնդրեց, որ իրեն հնարավորություն տան փոքր-ինչ հանգստանալ:
«Ճիշտ է, լուրեր են պտտվում, որ ես ընդհանրապես չեմ հոգնում, բայց հավաստիացնում եմ՝ այդպես չէ»,- նշեց նա:
13:50
Ոստիկանները ուժով բացեցին Արշակունյաց պողոտան, որը փակ էր մի շարք ցուցարարների կողմից: Ոստիկանները շարունակում են հսկել տարածքը, որպեսզի ցուցարարները կրկին այն չփակեն: Զուգահեռ երթը շարունակվում է Իսակովի պողոտայում: Ցուցարարներն արդեն հասել են Հաղթանակի կամուրջ, մի մասն էլ՝ Երևանի քաղաքապետարանի մոտ:
13:01
Երթի մասնակիցներն արդեն հասել են Իսակովի պողոտա: Նրանք տեղեկացնում են, որ երթի վերջից ոստիկանները երիտասարդների են բերման ենթարկում:
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ քանի որ ոստիկանությունը հետ մնացած ցուցարարներին տանում է, ապա կփակեն Իսակովի պողոտայի երկու երթևեկելի գոտիները՝ մինչև ազատ արձակեն բոլոր բերման ենթարկվածներին։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
12:44
Ցուցարարները Փաշինյանին հայտնեցին, որ երթի մասնակիցներին մեքենաներով տանում են ոստիկանություն: Փաշինյանն ասաց, որ ողբերգություն չկա:
«Ոչինչ, կտանեն, կհանգստանան, դուրս կգան: Մենք խումբ ունենք, որոնք բերման ենթարկվածներով զբաղվում է»,- նշեց նա:
Նաև հայտարարեց, որ բերման ենթարկվածների մասին ամբողջ տեղեկությունը փոխանցեն այդ խնդրով զբաղվող Արայիկ Հարությունյանին և նշեց նրա հեռախոսահամարը՝ 093 39-40-90:
Ցուցարարները շարունակում են քայլել: Այժմ նրանք Երևանյան լճի մոտ են:
12:30
Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ հասան Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակ: Քայլերթի մասնակիցները նստեցին գետնին՝ հանգստանալու:
Փաշինյանը տեղեկացրեց, որ իրեն լրագրողները փոխանցում են՝ Վարդենիսում դպրոցականները դասադուլ են հայտարարել և միանում են իրենց շարժմանը: Այս լուրը ցուցարարները ծափերով ընդունեցին։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
11:50
Ցուցարարները Արշակունյաց պողոտայով շարժվում են դեպի Բագրատունյաց պողոտա՝ Երրորդ մաս: Երթևեկությունը միակողմանի փակ է:
.jpg)





.jpeg)

11:24
«Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ ոստիկանական պատի առաջ կանգնելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց նպատակն է առևտուր անել: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի ղեկավարությունը դիմել է ոստիկանությանը, որ իրենց անվտանգությունը պահպանեն:
Ոստիկանների հետ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը Սասուն Միքայելյանի հետ մուտք գործեց «Փեթակ» առևտրի կենտրոն:
«Ժողովուրդ ջան, դեմ չե՞ք ես գնամ, սուջուխ առնեմ գամ»,- ասաց նա:
Մի քանի րոպե հետո նա դուրս եկավ առևտրի կենտրոնից՝ սուջուխը ձեռքին:
Ցուցարարները երթը շարունակեցին:
11:05
Ցուցարարները Արշակունյաց պողոտայով իջնելիս Նիկոլ Փաշինյանի առաջարկով մտան Սուրմալու տոնավաճառ՝ աշխատողներին իրազեկելու, որ այսօր ևս տեղի կունենա հանրահավաք: Փաշինյանը կոչ արեց տոնավաճառի աշխատակիցներին դուրս գալ փողոց և տեր կանգնել իրենց իրավունքին, հաղթանակին:
Երթի մասնակիցները հասան «Փեթակ» առևտրի կենտրոն, որի մուտքի առջև կանգնած են մեծ թվով կարմիր բերետավորներ: Նրանք փակել են մուտքը և թույլ չեն տալիս երթի մասնակիցներին առաջ գնալ: Լարվածություն առաջացավ ցուցարարների և ոստիկանների միջև, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պետք է մուտք գործի և առևտուր անի «Փեթակ»-ում:
Հատուկ ջոկատայինները թույլ չտվեցին նրանց մուտք գործել առևտրի կենտրոն: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առևտրի կենտրոնի մյուս մուտքերը փակել:
10։55
«Իմ քայլը» նախաձեռնության անդամները երթը շարունակում են Արշակունյաց պողոտայով: Առաջին անգամ է, որ երթի մասնակիցներն այս ուղղությամբ են գնում:
«Դուրս արի փողոց և տեր կանգնիր քո հայրենիքին, քո իրավունքին, քո հաղթանակին» վանկարկումներով երթի մասնակիցները անցորդներին, վարորդներին, «Սուրմալու» տոնավաճառի աշխատողներին կոչ են անում իրենց միանալ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվա հավաքը տեղի կունենա ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում:
Քայլերթին միացավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
10։36
Նիկոլ Փաշինյանը Խանջյան փողոցում հայտարարեց, որ մարտավարությունը փոխում են՝ ոչ թե ճանապարհը փակում են, այլ մեկ ուղղությունը բաց են թողնում, որ այդ կերպ վարորդները կարողանան ճանապարհի մի ուղղությամբ անցնել և մեքենաների ազդանշաններով մասնակից լինել Սերժ Սարգսյանին դեմ շարժմանը:
Երթի մասնակիցները հասել են Արշակունյաց պողոտա:
10:15
«Ժողովրդական հեղափոխությունը այնպիսի բան է, որ նոր կարգախոսներ են ծնվում, և քանի որ ոստիկանները ուժ կիրառեցին, մեր շարժումը պետք է որդեգրի նոր կարգախոս»,- Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ հավաքվածներին ասաց Նիկոլ Փաշինյանը և դիմելով ոստիկաններին վանկարկեց. «Քայլ արա, զենքդ դիր վայր»: Նրան միացան ցուցարարները:
Նա շնորհակալություն հայտնեց այդ կարգախոսի հեղինակին:
Փաշինյանն այնուհետև զրուցեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, վերջինս ասաց, որ ցուցարարները անհամաչափ սահմանափակում են այլոց իրավունքները, հետևաբար, իրենք էլ են սահմանափակող գործողություններ անելու:
Փաշինյանը ցուցարարների հետ «Քայլ արա, զենքդ դիր վայր», «Ոստիկանը մերն ա» վանկարկումներով լքեցին Կառավարության 3-րդ մասնաշենքի տարածքը, Վերնիսաժով քայլեցին դեպի Խանջյան փողոց:
10:00
Ցուցարարների մոտ է ժամանել շտապօգնությունը: Ականատեսների վկայությամբ՝ ցույցի մասնակից մի աղջիկ քթի շրջանում վնասվածքներ է ստացել ոստիկանի հարվածից: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը խոստացավ՝ մեղավորը կպատժվի:
Ցուցարարները «Քայլ արա, զենքդ դիր վայր» կոչով դիմեցին ոստիկաններին:
Այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 17 քաղաքացի:


9:57
Իմ քայլը» շարժումը շարունակում է շրջափակած պահել կառավարական շենքերը։ Մի քանի ցուցարարների ոստիկանները բերման ենթարկեցին, նրանց թվում է Դավիթ Պետրոսյանը:
9:55
Նախարարությունների շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հետ բանակցում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Մինչ այդ դիմելով շարքային ոստիկաններին, Փաշինյանն ասաց. «Ո՞ւմ եք դուք պաշտպանում, շաբաթ-կիրակի գնում եք ցեմենտ-բիտոն անում, ինչքա՞ն աշխատավարձ եք դուք ստանում, մտածե՞լ եք այս մասին»:
Օսիպյանն արձագանքելով նրա հայտարարություններին, ասաց. «Նրանք են ընտրել իրենց աշխատանքը»:
9։18
Այսօր վաղ առավոտից, խոստացածի պես, Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակում էին:
Փաշինյանը լրագրողներին տեղեկացրեց, որ երեկ՝ հանրահավաքի ավարտից հետո հեռախոսազրույց է ունեցել SOAD խմբի հայազգի մեներգիչ Սերժ Թանկյանի հետ, և որ վերջինս հայտնել է՝ միանշանակ աջակցում է գործընթացին, իսկ գալ-չգալու մասին կհայտարարի:
«Եղբայրաբար զրուցեցինք, կարծես վաղուցվա ծանոթներ լինեինք»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ իր տեղեկություններով Կառավարության նիստը հետաձգվել է:
Ցուցարարները երթով հասան նախարարությունների շենք, փորձեցին աշխատակիցներին թույլ չտալ՝ մուտք գործել շենք: Ոստիկանները շրջափակել էին նախարարության շենքի մուտքերը: Նրանք սկսեցին բերման ենթարկել առաջին շարքերում նստած ուսանողներին:
Ցուցարարները փորձեցին խոչընդոտել, նրանք շրջափակել էին Ոստիկանության մեքենան, որը փորձում էր տեղափոխել բերման ենթարկվածներին: Ցուցարարներից մեկն էլ պառկել էր ոստիկանական մեքենայի տակ:
Ցուցարարներին չհաջողվեց շրջափակել Կառավարության 3-րդ մասնաշենքը: Ոստիկանները վահաններով շղթա կազմեցին և բացեցին շենքի մուտքը:
.jpg)



