Դեսպան Կիրակոսյան. ԼՂ  հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ առկա կոնսենսուսն ավելի է ամրապնդվել
Քաղաքական
11:30 11/05/2018
Հայաստան

Դեսպան Կիրակոսյան. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ առկա կոնսենսուսն ավելի է ամրապնդվել

Հայաստանում փոփոխությունները տեղի են ունեցել խաղաղ ճանապարհով, ՀՀ սահմանադրության և օրենքներին համաձայն:  Հայաստանը հավատարիմ է եղել ԵԱՀԿ բոլոր հանձնառություններին, այդ թվում՝  խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքի պաշտպանությանը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը՝  ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1185-րդ նիստում ներկայացնելով Հայաստանում վերջին զարգացումների ընթացքը։

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, դեսպան Կիրակոսյանը մասնակից պետություններին տեղեկացրել է, որ Հայաստանի Սահմանադրության համապատասխան, մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից հրավիրված հատուկ նիստի ընթացքում ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Վարչապետ և նույն օրը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հաստատել է խորհրդարանի որոշումը:

Արման Կիրակոսյանը շեշտել է, որ մայիսի 8-ի ընտրությունները փաստում են, որ վերոնշյալ հիմնարար ազատություններից բացի Հայաստանի իշխանություններն ու քաղաքացիները հարգել և իրականացրել են կարևորագույն իրավունքներից մեկը` կառավարություն ձևավորելու ժողովրդի իրավունքը:

Դեսպան Կիրակոսյանը համոզմունք է հայտնել, որ տվյալ մարտահրավերից Հայաստանը դուրս է եկել ժողովրդավարության, լավ կառավարման և մարդու իրավունքների պահպանման ու զարգացման շուրջ հասարակական հստակ համաձայնությամբ, որն էլ ավելի է ամրապնդում արտաքին քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ առկա կոնսենսուսը: Նշվել է, որ հայ ժողովուրդն առավել քան միասնական է այսօր իր ազգային իղձերի իրականացման ճանապարհին:

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր այն միջազգային գործընկերներին, որոնք իրենց անաչառ և հավասարակշռված վերաբերմունքով նպաստեցին Հայաստանում ժողովրդավարության և պետականության զարգացման նոր էջի բացմանը:

ՀՀ նոր Վարչապետի ընտրության առթիվ շնորհավորական ելույթներով հանդես են եկել ԵԱՀԿ-ում ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի ներկայացուցիչները: Վերոնշյալ երկրների ներկայացուցիչները հավաստել են Հայաստանին և հայ ժողովրդին իրենց երկրների անվերապահ աջակցությունը, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել  զարգացնել և խորացնել ՀՀ-ի հետ երկկողմ համագործակցությունը:

Placeholder
Դեսպան Կիրակոսյան. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ առկա կոնսենսուսն ավելի է ամրապնդվել