Արտակ Դավթյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ
Հասարակություն
22:09 24/05/2018
Հայաստան

Արտակ Դավթյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ

ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։

Հրամանագրում նշված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի.

Արտակ Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով»։

Կենսագրական տվյալներ

Արտակ Մաթևոսի Դավթյանը ծնվել է 1970 թ-ին, Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում։

Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։

1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։

Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։

1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։ Կռվել է Շահումյանում՝ Շահեն Մեղրյանի հայդուկային ջոկատում։ Այնուհետև Լուսակերտի բրիգադով եղել է Մեղրիում, ապա Ղափանում` պաշտպանելով Եղվարդ և Ագարակ գյուղերը։ Այնուհետև մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։

1998 թվականից - բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 31-ը - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։

2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

2009-2017թթ. զբաղեցրել է ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը: Իսկ 2017թ. սեպտեմբերին նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

Պարգևներ և կոչումներ

• Գեներալ-մայոր (2010):
• «Վարդան Մամիկոնյան» շքանշան (2011):
• «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015):
• Արիության մեդալ:
• ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ։
• ՀՀ ՊՆ Ոսկե մեդալ։

Ամուսնացած է, ունի 3 որդի

Placeholder
Արտակ Դավթյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ