Մանր վրեժխնդրության և բարոյական պարտքի միջև․ Հայոց ցեղասպանության հարցը Իսրայելի Քնեսեթում
Քաղաքական
13:40 30/05/2018
Հայաստան

Մանր վրեժխնդրության և բարոյական պարտքի միջև․ Հայոց ցեղասպանության հարցը Իսրայելի Քնեսեթում

«Հրեական պատմության մեջ զուգադիպություններ չկան»։ Հրեական ծագմամբ ամերիկացի հայտնի գրող, հասարակական գործիչ Էլի Վիզելին վերագրվող այս արտահայտությունը թերևս արվել է պատմական խոշոր իրադարձությունների ու ճակատագրական դեպքերը նկարագրելու համար։

Այդուհանդերձ, հակված ենք կարծել, որ այդ միտքը ճիշտ է նաև Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պարբերաբար հայտնվող նախագծի քննարկման, գուցե արդեն սովորական թվացող հարցի դեպքում։

Ակնհայտ է, որ Իսրայելի օրենսդիր մարմնում խնդրի հայտնվելը կոռելյացված է Իսրայել-Թուրքիա հարաբերությունների վատթարացման հետ։ Ինչը ցավալի է, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումը համամարդկային կարևորության խնդիր է, բարոյական պարտավորություն, և դա չպետք է կապվի աշխարհաքաղաքական հաշվարկների կամ Թուրքիայի կողմից ինչ-ինչ հայտարարությունների համար վրեժխնդիր լինելու հետ։ Այս պնդումը երիցս ճիշտ է հատկապես Իսրայելի դեպքում, քանի որ հրեա ժողովուրդն ինքն է ապրել ցեղասպանության մղձավանջը, և այժմ հանդես է գալիս դրա համընդհանուր ճանաչման օգտին, ինչպես նաև պայքարում է ժխտողականության դրսևորումների դեմ։

Այսուհանդերձ, չէինք ցանկանա ստվերել նախագիծը ներկայացնող պատգամավորների ազնիվ մղումները, և հավատացած ենք, որ Իսրայելի լայն շրջանակներում կան հայոց ցեղասպանության ճանաչման բազմաթիվ կողմնակիցներ։ Նույն Էլի Վիզելը, ով խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր էր, բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, այլ մտավորականների հետ համատեղ ստորագրել է նամակներ ու կոչեր, ի թիվս այլի, ուղղված ԱՄՆ-ին, Թուրքիային ու Իսրայելին՝ ճանաչելու ու դատապարտելու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։

Բայց և այնպես, ցավալի է նաև, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագիծը, անկախ դրդապատճառներից, հայտնվելով Քնեսեթում, պատշաճ ընթացք չի ստանում, և ամեն ինչ սկսվում է նորից։

Օրեր առաջ Քնեսեթի խոսնակը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագիծը հանեց օրակարգից։ Պաշտոնական բացատրությունն այն էր, որ հստակ չէր, թե արդյոք կա մեծամասնություն հօգուտ բանաձևի, որի նախագիծը ներկայացրել էր Մերեց ձախակողմյան կուսակցության նախագահ Թամար Զանդբերգը։

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը բացատրում են նախ «ռեալպոլիտիկի» տեսակետից։ Առաջինը, որ ճանաչումը բացասական ազդեցություն կունենա Թուրքիայի հետ հարաբերությունների վրա։ Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները գտնվում են մշտական անկման մեջ, և այս երկու պետություններին բնորոշելիս «նախկին դաշնակիցներ» եզրույթը տեղին կլիներ։

Ինչպես ասում են՝ «թացից թաց» չի լինում, և Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը խզման եզրին գտնվող իսրայելաթուրքական հարաբերությունները չէր կարող էլ ավելի վատ դարձնել։ Կամ գուցե կարճաժամկետ առումով վատթարացում լիներ, ինչպես օրինակ Գերմանիայի կամ Ավստրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում։ Բայց բարոյական մեծ պարտքի կատարման զգացումը կարող էր և արդարացնել նման սրացումների հետևանքով ունեցած հնարավոր կորուստները։

Իսրայելի կողմից Ցեղասպանության չճանաչման երկրորդ փաստարկը վերաբերում է Ադրբեջանին, ում հետ հրեական պետությունն ունի լավ հարաբերություններ և ով Իրանի դեմ Իսրայելի վարած քաղաքականության մեջ որոշակի դերակատարություն ունի։ Կա նաև տեսակետ, որ Ցեղասպանության հարցում Իսրայելը հետևում է ԱՄՆ օրինակին։ Մեկ այլ մոտեցման համաձայն, հրեական որոշ շրջանակներում չեն ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ այն հրեական Հոլոքոստի հետ չհավասարեցնելու և վերջինիս եզակիությունը պահպանելու համար։

Ինչևիցե, մեծ է ակնկալիքը, որ Իսրայելը կհաղթահարի արտաքին ու ներքին բարդույթները, վեր կկանգնի մանրախնդիր հաշվարկներից և անկախ Էրդողանի իռացիոնալիզմի մակարդակից, կճանաչի ու կդատապարտի մարդկության դեմ գործած մեծ ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը։

Placeholder