Չեմ կարծում, որ իմ հարստությունը կկրկնապատկվի, նույնիսկ գուցե եկամուտների անկում լինի. Դավիթ Անանյան
Հասարակություն
19:09 18/06/2018
Հայաստան

Չեմ կարծում, որ իմ հարստությունը կկրկնապատկվի, նույնիսկ գուցե եկամուտների անկում լինի. Դավիթ Անանյան

«Ես մի քիչ ձեռնպահ կմնամ ինչ-որ տեղեկատվություն հայտնել, քանի որ քննություն է ընթանում»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն՝  անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ հարցաքննությանը ներկայանալուն և այս պահին ՊԵԿ-ի վարույթում աղմկահարույց գործերի քննությանը:

Նրա խոսքով՝  ներկայումս գործողություններ են կատարվում, և քննության գաղտնիության սկզբունքից ելնելով՝  ի պաշտոնե իրավունք չունի մանրամասներ հրապարակել: «Մենք այս պահին միայն մի խնդիր ունենք՝  այն, ինչ կատարվում է, կատարվի բացառապես օրինականության շրջանակում»,- նշեց  ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ Սեյրան Օհանյանի քննությունը, հավանաբար,  այսօր պետք է լիներ, իսկ կարգավիճակը ցանկացած պահի կարող է փոխվել, բայց այս պահին նա վկա է:

Դավիթ Անանյանը նշեց, որ այդ գործերն աղմկահարույց են այնքանով, որ առնչվում են այս կամ այն պաշտոնյայի կամ կազմակերպության հետ, կամ դրանց հետևում կարող է կանգնած լինել այս կամ այն պաշտոնյան: Իրականում, ըստ նրա, դրանք  սովորական քննչական գործողություններ են:

«Ազատության» հարցին, թե ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը համարվում է ամենահարուստ պաշտոնյաներից մեկը, ի՞նչ մեխանիզմներով է նա հարստացել և արդյոք Դավիթ Անանյանն էլ կփորձի այդ մեխանիզմներով հարստանալ, ՊԵԿ ղեկավարն ասաց, որ եթե իր ունեցվածքը կրկնապատկվի՝ դրա մասին կիմանան. «Ես՝ որպես պաշտոնատար անձ, հրապարակում եմ իմ հայտարարագիրը: Չեմ կարծում, որ իմ հարստությունը կկրկնապատկվի, նույնիսկ գուցե եկամուտների անկում լինի՝ համեմատած նախորդ տարիներին իմ խորհրդատվական գործունեությունից ստացած եկամուտների»:

Նա նաև փոքրիկ գաղտնիք բացեց՝ նշելով, որ գործարարությամբ երբեք չի ցանկացել զբաղվել, քանի որ դա իրենը չէ և եթե զբաղվի, ապա մեծ շահույթ չի ունենա. «Դրա համար  որոշակի հմտություններ  են պահանջվում, իսկ իմ հմտություններն ավելի շատ խորհրդատվական դաշտում են»:

Դիտարկմանը՝ պատրա՞ստ է 24 ժամ աշխատել և ստանալ միայն պետական ցածր աշխատավարձ, Դավիթ Անանյանն ասաց, որ եթե անդամագրվել են պետակաշինության գործին, ապա պետք է որոշում կայացնեն՝ ունենալ ավելի հանգիստ կյանք և բարձր վարձատրվող աշխատանք, թե ունենալ դժվար կյանք, բայց իրենց ներդրումն ունենալ պետակաշինության գործում.  «Ես ընտրել եմ երկրորդը տարբերակը և հպարտությամբ աշխատում եմ այնտեղ, որտեղ աշխատում եմ»:

Խոսելով աշխատավարձերի բարձրացման մասին՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ պետական ծառայողները պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան: Դա, ըստ նրա, կոռուպցիայի դեմ պայքարի միակ տարբերակն է:

Placeholder