Հունոտի կիրճի առաջին կամուրջը պատրաստ է
Հասարակություն
13:56 18/06/2018
Հայաստան

Հունոտի կիրճի առաջին կամուրջը պատրաստ է

Հունոտի կիրճը հայտնի է  որպես արցախցիների ու Արցախ ժամանած հյուրերի, զբոսաշրջիկների կողմից սիրված վայր: Հունոտի կիրճում գտնվող  «Զոնտիկներ» կոչվող յուրօրինակ տեսարժան վայր հասնել  այսուհետ կարելի է ավելի կարճ, բարեկարգ ու ապահով արահետով:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու Հայ լեռնագնացների միության (Armenian hikes association) համագործակցության շրջանակում ոչ միայն բարեկարգվել է արահետը, այլև կառուցվել է փայտե ապահով կամուրջ՝ գետն անցանելի դարձնելու համար: 

Նախարարությունից հայտնում են, որ կամուրջի բացումն ազդարարվել է  կիրակի հետաքրքիր միջոցառմամբ, որին  ներկա են եղել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, Հայ լեռնագնացների միության անդամներ, ԱՀ ՄԵՀԶ նախարարության աշխատակիցներ, զբոսաշրջիկներ:

«Հայ լեռնագնացների միության (Armenian hikes association) հետ իրականացվող համագործակցությունը շարունակական է լինելու: Արդյունքում Արցախի  հրաշալի բնությունն ու տեսարժան վայրերը ավելի հասանելի կդառնան զբոսաշրջիկներին: Հունոտի կիրճ տանող արահետի բարեկարգումն   այս   ծրագրի  հաջող մեկնարկն է»,- նշել է նախարար Սերգեյ Շահվերդյանը:
Բարեկարգման գաղափարը ծագել է անցած տարի, երբ Թելմա Ալթունն Արցախում էր:

Արշավի ընթացքում հասնելով Հունոտի կիրճ՝ խոստացել է, որ կամուրջների հարցը կլուծվի:

«Առաջին կամուրջն արդեն պատրաստ է: Ծրագրում ենք Շուշիից մինչև Քարին տակ հատվածում երեք կամուրջ կառուցել: Բացի դրանից, ծայրից ծայր բարելավվել է ամբողջ արահետը, դժվարանցանելի հատվածները փոխվել են, նոր արահետներ են կառուցվել»,-ասել է  Հայ լեռնագնացների միության ներկայացուցիչ Գևորգ Գասպարյանը:

Երկրորդ փայտե կամուրջը կսկսեն պատրաստել հուլիսին: Նախաձեռնության հեղինակները համոզված են՝ արցախյան հայտնի  բնապատմական արգելոց տանող արահետի բարեկարգումը ավելի մեծ թվով այցելուներ կապահովի:

Placeholder