Չեմ կարծում, որ իմ հարստությունը կկրկնապատկվի, նույնիսկ գուցե եկամուտների անկում լինի. Դավիթ Անանյան
«Ես մի քիչ ձեռնպահ կմնամ ինչ-որ տեղեկատվություն հայտնել, քանի որ քննություն է ընթանում»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ հարցաքննությանը ներկայանալուն և այս պահին ՊԵԿ-ի վարույթում աղմկահարույց գործերի քննությանը:
Նրա խոսքով՝ ներկայումս գործողություններ են կատարվում, և քննության գաղտնիության սկզբունքից ելնելով՝ ի պաշտոնե իրավունք չունի մանրամասներ հրապարակել: «Մենք այս պահին միայն մի խնդիր ունենք՝ այն, ինչ կատարվում է, կատարվի բացառապես օրինականության շրջանակում»,- նշեց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ Սեյրան Օհանյանի քննությունը, հավանաբար, այսօր պետք է լիներ, իսկ կարգավիճակը ցանկացած պահի կարող է փոխվել, բայց այս պահին նա վկա է:
Դավիթ Անանյանը նշեց, որ այդ գործերն աղմկահարույց են այնքանով, որ առնչվում են այս կամ այն պաշտոնյայի կամ կազմակերպության հետ, կամ դրանց հետևում կարող է կանգնած լինել այս կամ այն պաշտոնյան: Իրականում, ըստ նրա, դրանք սովորական քննչական գործողություններ են:
«Ազատության» հարցին, թե ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը համարվում է ամենահարուստ պաշտոնյաներից մեկը, ի՞նչ մեխանիզմներով է նա հարստացել և արդյոք Դավիթ Անանյանն էլ կփորձի այդ մեխանիզմներով հարստանալ, ՊԵԿ ղեկավարն ասաց, որ եթե իր ունեցվածքը կրկնապատկվի՝ դրա մասին կիմանան. «Ես՝ որպես պաշտոնատար անձ, հրապարակում եմ իմ հայտարարագիրը: Չեմ կարծում, որ իմ հարստությունը կկրկնապատկվի, նույնիսկ գուցե եկամուտների անկում լինի՝ համեմատած նախորդ տարիներին իմ խորհրդատվական գործունեությունից ստացած եկամուտների»:
Նա նաև փոքրիկ գաղտնիք բացեց՝ նշելով, որ գործարարությամբ երբեք չի ցանկացել զբաղվել, քանի որ դա իրենը չէ և եթե զբաղվի, ապա մեծ շահույթ չի ունենա. «Դրա համար որոշակի հմտություններ են պահանջվում, իսկ իմ հմտություններն ավելի շատ խորհրդատվական դաշտում են»:
Դիտարկմանը՝ պատրա՞ստ է 24 ժամ աշխատել և ստանալ միայն պետական ցածր աշխատավարձ, Դավիթ Անանյանն ասաց, որ եթե անդամագրվել են պետակաշինության գործին, ապա պետք է որոշում կայացնեն՝ ունենալ ավելի հանգիստ կյանք և բարձր վարձատրվող աշխատանք, թե ունենալ դժվար կյանք, բայց իրենց ներդրումն ունենալ պետակաշինության գործում. «Ես ընտրել եմ երկրորդը տարբերակը և հպարտությամբ աշխատում եմ այնտեղ, որտեղ աշխատում եմ»:
Խոսելով աշխատավարձերի բարձրացման մասին՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ պետական ծառայողները պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան: Դա, ըստ նրա, կոռուպցիայի դեմ պայքարի միակ տարբերակն է: