Մեքսիկայում ձերբակալվել են քաղաքներից մեկի բոլոր ոստիկանները
Իրավունք
15:43 25/06/2018

Մեքսիկայում ձերբակալվել են քաղաքներից մեկի բոլոր ոստիկանները

Մեքսիկայի Օկամպո քաղաքի (Գուանախուատո նահանգ) ոստիկանության բոլոր աշխատակիցներին ձերբակալել են քաղաքապետի թեկնածուի սպանության մեջ ներգրավվածության կասկածանքով։ Լենտա.ռու-ն, հղում անելով The Independent-ին, գրում է, որ ձերբակալվել է 28 ոստիկան։ Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ ուսումնասիրվում են վարքագծի կանոնների հավանական խախտումներ: Այլ մանրամասներ չի հաղորդվում։

Միաժամանակ տեղի ԶԼՄ-ները գրել են, որ ոստիկաններին ձերբակալել են քաղաքապետի թեկնածուի սպանության համար, ում կրակել են հունիսի 21-ին։

Հանցագործությանը մասնակցություն ունենալու մեջ կասկածվում է Օկամպոյի հասարակական անվտանգության բաժնի ղեկավարը։ Դաշնային գործակալները հունիսի 23-ին փորձել են նրան ձերբակալել, բայց նրանց խանգարել են տեղի ոստիկանները։ Արդյունքում նոր ուժեր են կանչել և բոլոր ոստիկաններին ձերբակալել։

Հուլիսի 1-ին Մեքսիկայում կայանալու են նախագահական ընտրություններ։ Միաժամանակ անցկացվելու են այլ քվեարկություններ, այդ թվում նաև նահանգային և շրջանային։

Placeholder
Մեքսիկայում ձերբակալվել են քաղաքներից մեկի բոլոր ոստիկանները