Նոր Հայաստանը և տարածաշրջանային ստատուս քվոն
Քաղաքական
12:20 25/06/2018
Հայաստան

Նոր Հայաստանը և տարածաշրջանային ստատուս քվոն

Երեկ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով այդ պաշտոնում վերընտրվեց գործող նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։ Այս ընտրություններով եզրափակվեց մեր տարածաշրջանի երկրներում (Հարավային Կովկաս + հարևան երկրներ) իշխանությունների ձևավորման ընթացիկ փուլը։ 2017թ.-ի  մայիսին Իրանի նախագահ վերընտրվեց Հասան Ռուհանին, 2018թ. մարտի 18-ին ՌԴ նախագահ վերընտրվեց Վլադիմիր Պուտինը, ապրիլի 11-ին Ադրբեջանի նախագահ վերընտրվեց Իլհամ Ալիևը։ Հունիսի 20-ին Վրաստանում նոր վարչապետ ընտրվեց Մամուկա Բախտաձեն, ով ներկայացնում էր 2012թ.-ից իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Փաստորեն, տարածաշրջանում միակ «նորեկը» Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով այդ պաշտոնում ընտրվեց մայիսի 8-ին՝ հեղափոխության արդյունքում և այդպիսով ընդհատեց գործող իշխանությունների շարունակականության պրակտիկան, որը լայն տարածում ու ամուր հիմքեր ունի մեր տարածաշրջանում։ Միակ բացառությունը մինչ այդ Վրաստանն էր, որտեղ ընտրությունների միջոցով եղել էր իշխանափոխություն։

Տարածաշրջանի երկրներում գործող իշխանությունների դիրքերի պահպանումը նշանակում է, որ որոշակի փոփոխություններով հանդերձ կպահպանվի նաև երկրների միջև ձևավորված ընթացիկ ստատուս քվոն ու հարաբերությունների դասավորվածությունը։ Միակ երկիրը, որ ներքաղաքական որակական փոփոխությունների արդյունքում կարող է ձգտել այդ ստատուս քվոյի վերանայմանը, թերևս Հայաստանն է։

Տարածաշրջանում ձևավորված միջազգային հարաբերությունների կառուցվածքում կան մի քանի կարևորագույն իրողություններ, որոնք էականորեն ազդում են Հայաստանի վարքագծի վրա։

Առաջինը, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է և դրանից բխող հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Մյուսը՝ հայ-թուրքական հարաբերությունների բացակայությունն է և փակ սահմանը։ Տարածաշրջանի ուժային հավասարակշռության ապահովման հարցում կարևորագույն նշանակություն ունի նաև հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը։ Կան բազմաթիվ այլ գործոններ, օրինակ, ռուս-թուրքական մերձեցման գործընթացը, վրաց-ռուսական հակամարտությունը, Իրանի շուրջ զարգացումները և այլն, որոնք կազմում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական ներկապնակը, և որոնք ազդում են երկրների արտաքին քաղաքական դիմապատկերի ձևավորման վրա։

Տարածաշրջանում ստատուս քվոն փոխելը դժվար է, մեծ էներգիա է պահանջում և կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Այդ իսկ պատճառով արտաքին քաղաքականության շարունակակության պահպանումը այս փուլում գուցե և ամենաօպտիմալ լուծումն էր։ Բայց և այնպես, որոշ ուղղություններով նոր Հայաստանը պետք է ավելի ակտիվ ու պնդող լինի սեփական շահեր ներկայացնելու և պաշտպանելու համար։ Մասնավորապես, համար մեկ խնդիրը ԼՂ նոր պատերազմի սպառնալիքի չեզոքացումն է, որը պահանջում է ակտիվ կանխարգելիչ դիվանագիտություն և զսպող զինված ուժեր։

Տեղեկատվական պայքարի առումով ևս անելիքներ կան, ու առաջին հերթին պետք է ընդդիմանալ այն գաղափարին, որ Արցախում պատերազմն անխուսափելի է և, որ դա միայն ժամանակի խնդիր է։ Քայլեր պետք է ձեռնարկել ուժի կիրառման բարոյական ու իրավական առումով անթույլատրելի լինելու ուղղությամբ՝ հստակ ընդգծելով խաղաղ կարգավորման հնարավորությունը։

Նորմատիվային առումով նոր Հայաստանի համար, որտեղ քաղաքացու հիմնարար իրավունքների հարգումն ու պաշտպանությունը հռչակվել է  առաջնային, և քայլեր են ձեռնարկվում իրական ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ, բնական դաշնակից է Վրաստանը, որը նույնպես փոփոխական հաջողություններով այդ ուղու վրա է։ Վարչապետ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը Թբիլիսի նաև այս փաստի վկայությունն է։

Այդուհանդերձ ռեալպոլիտիկի տեսակետից հայ-վրացական շահերը այնքան էլ չեն համընկնում, և այդ է պատճառը, որ համագործակցությունը երբեմն ջերմ բաժակաճառերից այն կողմ չի անցնում։ Նորմատիվ մոտեցումների և աշխարհաքաղաքան շահերի նման հակադրումը դժվարություններ է առաջացնում ներքին քաղաքականության հետ ներդաշանկեցված արտաքին քաղաքականություն վարելու համար։ Պրոբլեմ, որն առկա է գրեթե բոլոր ժողովրդավարական երկրներում, ովքեր փորձում են հավասարակշռել արժեքների պաշտպանությունը ռազմավարական շահերի առաջ մղման հետ, ինչը ջատագովներն անվանում են ճկունություն, քննադատաները՝ երկակի ստանդարտների կիրառում։

Նոր Հայաստանի համար ևս կենսական կարևորություն ունի «արժեքային ճկունություն» դրսևորել, երբ անհրաժեշտ է համադրել շահերն ու արժեքները, ռացիոնալ հաշվարկները և բարոյական կողմնորոշիչները։

Placeholder
Նոր Հայաստանը և տարածաշրջանային ստատուս քվոն