Մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը
Քաղաքական
09:46 25/06/2018
Աշխարհ

Մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը

Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը, որը կանցկացվի հունիսի 25-ից 29-ը։

Այս նստաշրջանում ԵԽԽՎ-ն ընտրելու է նոր նախագահ, ելույթներով հանդես կգան Խորվաթիայի և Սլովակիայի վարչապետները, ինչպես նաև Լյուքսեմբուրգի արտգործնախարարը: Խորվաթիայի փոխվարչապետ, ԱԳ  նախարարը կներկայացնի ԵԽ նախարարների կոմիտեի գործունեությունը՝ որպես նախարարների կոմիտեի նախագահող: Նախատեսվում է նաև տեսակետների փոխանակում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված թեմաներից են մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությունը, որը հիմնականում նվիրված է Ադրբեջանին, Թուրքիային ու Ռուսաստանին, ինչպես նաև անդամ երկրներում ՀԿ-ների գործունեության նոր սահմանափակումները:

Վեհաժողովը կքննարկի Սիրիայի հարևան երկրներում փախստականների մարդասիրական իրավիճակի, ԵՄ միգրացիոն և ապաստան տրամադրելու քաղաքականությունը, փախստականների համար կացարանների ստեղծման հարցերը՝ Հունաստանի ներգաղթային քաղաքականության նախարար Դիմիտրիոս Վիտսասի մասնակցությամբ:

Օրակարգում է նաև Եվրոպայում հարկադիր ամուսնությունը, ինչպես նաև երեխայի լավագույն շահի ու ընտանիքների պահպանման անհրաժեշտության միջև հավասարակշռության  հարցը։ ԵԽԽՎ-ն քննարկելու է նաև Չեչնիայում ԼԳԲԹԻ համայնքի ներկայացուցիչների հետապնդման, մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման  և տնտեսության մեջ կանանց դերի վերաբերյալ հարցերը։

Հրատապ քննարկման թեմա է առաջարկվել «Ռուսաստանի Դաշնությունում և օկուպացված Ղրիմում ուկրաինացի կալանավորների առողջության և կյանքին սպառնալիքները» հարցով։

Վեհաժողովն իր վերջնական օրակարգը կհաստատի նստաշրջանի բացմանը:

Placeholder
Մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը