Այս լսումները նպաստավոր հարթակ են ոլորտի խնդիրների վերհանման. Արա Բաբլոյան
Քաղաքական
16:00 25/06/2018
Հայաստան

Այս լսումները նպաստավոր հարթակ են ոլորտի խնդիրների վերհանման. Արա Բաբլոյան

«Խորհրդարանական լսումները համագործակցության խթանման նոր ազդակ կհանդիսանան»,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այսօր ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման հատուկ ներկայացուցիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Մամի Միզուտորիի, ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի և ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Պաոլա Ալբրիտոյի հետ հանդիպմանը, ովքեր մասնակցել է ԱԺ-ում «Աղետների դիմակայունության ամրապնդումը և զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներին:

ԱԺ նախագահի գնահատմամբ՝ այն նպաստավոր հարթակ է ոլորտի խնդիրների վերհանման, միջազգային փորձի ուսումնասիրման և արդյունավետ կիրառման համար:

ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Շոմբի Շարփն ընդգծել է, որ ՄԱԿ-ը մի շարք ոլորտներում, այդ թվում աղետների ռիսկերի նվազեցման հարցում արդյունավետ համագործակցում է Հայաստանի խորհրդարանի ու կառավարության հետ:

Մամի Միզուտորիի խոսքով՝ ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը սերտորեն համագործակցում է օրենսդիրների հետ և ոլորտի խնդիրների լուծման հարցում արժևորում է խորհրդարանի մասնակցությունը: Նշվել է, որ հաջորդ տարի Ժնևում նախատեսվում է անցկացնել «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» համաժողովը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է աղետների վտանգի նվազեցմանն ուղղված ռազմավարական և համակարգված մոտեցումների ցուցաբերումը, ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացումը և օրենսդրության շարունակական կատարելագործումը:

Placeholder
Այս լսումները նպաստավոր հարթակ են ոլորտի խնդիրների վերհանման. Արա Բաբլոյան