Աննա Հակոբյան. Էական չէ, թե ով քանի անգամ է ինձ հետ սուրճ խմել
Հասարակություն
20:13 12/07/2018
Հայաստան

Աննա Հակոբյան. Էական չէ, թե ով քանի անգամ է ինձ հետ սուրճ խմել

«Քանի որ այսօր, ըստ էության, տրվում է վարչապետի տիկնոջ կարգավիճակում իմ գործունեության մեկնարկը, ուզում եմ բոլորին ասել, որ ես չունեմ սիրած երգիչներ, երգչուհիներ, դերասաններ, չեմ կարող և չեմ պատրաստվում մարդկանց աշխատանքի տեղավորելու միջնորդություններ անել»: Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի մեկնարկին նվիրված միջոցառմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

«Էական չէ, թե ով քանի անգամ է ինձ հետ սուրճ խմել, այդ հանգամանքը նրա կյանքում ոչինչ չի փոխելու, և որ ամենակարևորն է, ես չեմ պատրաստվում ինձ շրջապատել պալատական շքախմբով, որովհետև հարաբերությունների այդ տեսակն ինձ ուղղակի հաճելի չէ: Եվ ընդհանրապես, առհասարակ ես ունակ չեմ թաքուն, ընդհատակյա և մութ գործունեություն ծավալելու»,-իր խոսքը շարունակեց Աննա Հակոբյանը:

Նա նկատեց, որ աշխարհի շատ երկրներում կանայք, այդ թվում ղեկավարների կանայք կարողացել են կոտրել կարծրատիպեր ու վայելել իրենց հասարակությունների հարգանքը:

«Ես հույս ունեմ, որ դա կհաջողվի նաև մեզ մեր երկրում: Խոստանում եմ, որ վարչապետի կնոջ կարգավիճակում իմ բոլոր քայլերը կլինեն բաց, տեսանելի բոլորի համար, ես ամեն ինչ կանեմ կոնկրետ ու շոշափելի արդյունքներ գրանցելու համար»,-նշեց նա:
 

Placeholder
Աննա Հակոբյան. Էական չէ, թե ով քանի անգամ է ինձ հետ սուրճ խմել