Աննա Հակոբյան.  Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանին փոխանցվել է մոր նամակը
Քաղաքական
16:26 03/08/2018
Հայաստան

Աննա Հակոբյան. Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանին փոխանցվել է մոր նամակը

«Ուրախ եմ հայտնել, որ այսօր խոսել եմ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ և նրան եմ փոխանցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դոմինիկ Լիեգմից իմ ստացած շատ կարևոր և սպասված տեղեկությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը: 

Հիշեցնենք, որ նա երեկ այցելել էր Կարեն Ղազարյանի ծնողներին:

«Երեկ գիշեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին, նա ողջ և առողջ է եղել։ Կարենին փոխանցվել է մոր նամակը։ Ինքը՝ Կարենը, ասել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է»,-մանրամասնել է Աննա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ կոմիտեն Կարեն Ղազարյանի հետ տեսակցելու մասին հայտարարեց այսօր:

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել է ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, նա  որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել էր,  որ  Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում:

Placeholder
Աննա Հակոբյան. Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանին փոխանցվել է մոր նամակը