Հայաստանի համար կարող է ուսանելի լինել օրենսդրական վերահսկողության վրացական փորձը. Արա Սաղաթելյան
Քաղաքական
16:52 03/08/2018
Հայաստան

Հայաստանի համար կարող է ուսանելի լինել օրենսդրական վերահսկողության վրացական փորձը. Արա Սաղաթելյան

«Վրաստանի խորհրդարանի հետ արդյունավետորեն համատեղ ծրագրեր են իրականացվում ինչպես ավելի լայն՝ Արևելյան գործընկերության, այնպես էլ զուտ տարածաշրջանային համագործակցության մակարդակներում»,- այս մասին նշել է  ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն՝  աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝Արա Սաղաթելյանը և Գիվի Միկանաձեն առանձնազրույցի շրջանակում քննարկել են աշխատակազմերի ստորաբաժանումների տարբեր ձևաչափերով երկարատև համագործակցության հնարավորությունները, անդրադարձել խորհրդարանական գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին, կարևորել աշխատակազմերի մակարդակով փորձի փոխանակումը, այդ թվում վերլուծական և օրենսդրական մշակումների հարցերում:

Այս համատեքստում Արա Սաղաթելյանը կարևորել է աշխատակազմերի կարողությունների շարունակական զարգացման ծրագրերն ու փորձի փոխանակումը, մասնավորապես խորհրդարանական վերահսկողության ուժեղացման և տեղեկատվական-վերլուծական հմտությունների զարգացման հարցերում: Նշելով, որ վրացական կողմն ունի խորհրդարանների աշխատակազմերի աշխատակիցների որակավորման բարձրացմանն ուղղված ծրագիր՝ Արա Սաղաթելյանն ընդգծել է, որ առկա է ՀՀ ԱԺ աշխատակազմին ևս այդ ծրագրում ներգրավվելու պայմանավորվածություն: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի համար կարող է ուսանելի լինել խորհրդարանական գրադարանի ստեղծման, ինչպես նաև օրենսդրական վերահսկողության վրացական փորձը:

Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն նշել է, որ սեպտեմբերի 24-25-ը Վրաստանում կկայանա Արևելյան գործընկերության 6 երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների համաժողով, որին կմասնակցի նաև Հայաստանը: Գիվի Միկանաձեի գնահատմամբ՝ միջոցառումը տարածաշրջանային մակարդակում գլխավոր քարտուղարների առավել սերտ համագործակցության մեկնարկ կհանդիսանա: Այս համատեքստում վրացի գործընկերն Արա Սաղաթելյանին տեղեկացրել է, որ համաժողովին մասնակցելու է նաև Գերմանիայի Բունդեսթագի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Համաժողովի շրջանակում կստորագրվի փոխըմբռնման հուշագիր, որտեղ կամփոփվեն տարածաշրջանային երկրների միջև առաջիկա համագործակցության կարևոր դիտարկումները: Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարը նշել է, որ 2019 թվականին Քութայիսիում Արևելյան գործընկերության 6 երկրների խորհրդարանների աշխատակազմերի աշխատակիցների համար կկազմակերպվեն ամառային և ձմեռային վերապատրաստման դասընթացներ, որոնք կանցկացնեն գերմանացի մասնագետները:

Գիվի Միկանաձեն ներկայացրել է նաև «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները, անդրադարձել Վրաստանում օրենսդրության ներդաշնակեցման գործընթացներին՝ կարևորելով օրենսդրական մակարդակում խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների զարգացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին զրուցակիցները խորհրդարանական աշխատանքի կազմակերպման հարցում աշխատակազմերի գործունեության արդյունավետության բարձրացման և միջազգային մակարդակում միմյանց աջակցելու պատրաստակամություն են հայտնել:

Արա Սաղաթելյանն ընդգծել է, որ Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը միշտ պատրաստ է իր կարողություններն ու ռեսուրսներն ի սպաս դնել խորհրդարանական համագործակցության առաջմղման համար թե՛ տարածաշրջանային և թե՛ միջազգային հարթակներում:

Placeholder
Հայաստանի համար կարող է ուսանելի լինել օրենսդրական վերահսկողության վրացական փորձը. Արա Սաղաթելյան