Դեսպան. Ռուսաստանի համար Հայաստանը կարևորագույն ռազմավարական գործընկեր է
Քաղաքական
17:17 03/08/2018
Հայաստան

Դեսպան. Ռուսաստանի համար Հայաստանը կարևորագույն ռազմավարական գործընկեր է

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, հանդիպման սկզբում տնօրենը շնորհավորել է Ս. Կոպիրկինին՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջող և արդյունավետ աշխատանք է մաղթել:

Անդրադառնալով երկու երկրների միջև հաստատված ամուր համագործակցությանը՝  Ա. Վանեցյանը նշել է, որ այդ բարեկամությունը նպաստում է երկու պետությունների տարբեր գերատեսչությունների փոխգործակցության ամրապնդմանը, իսկ Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների  միջև համագործակցությունը՝ էլ ավելի ամրապնդում արդեն գոյություն ունեցող հարաբերությունները:

Ըստ աղբյուրի, դեսպան Կոպիրկինը նույնպես կարևորել է երկու գերատեսչությունների փոխշահավետ համագործակցությունը՝ նշելով, որ Ռուսաստանի համար Հայաստանը մի շարք ուղղություններով համատեղ գործունեության կարևորագույն ռազմավարական գործընկեր է: 

Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել շարունակել և առավել սերտացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ու արտաքին հետախուզության ծառայության միջև համագործակցությունը՝ մասնագիտական բոլոր ուղղություններով:

Placeholder