«Ծառուկյան» խմբակցության անդամը դեմ է Նաիրա Զոհրաբյանի առաջադրմանը
Քաղաքական
11:00 03/08/2018
Հայաստան

«Ծառուկյան» խմբակցության անդամը դեմ է Նաիրա Զոհրաբյանի առաջադրմանը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը դեմ է, որ  Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակը գլխավորի ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով, դա էապես նվազեցնում է ընտրություններում  կուսակցության հաջողության հնարավորությունները՝  «հաշվի առնելով այն, որ նա բացարձակապես չի տիրապետում Երևանի քաղաքային տնտեսության խնդիրներին… »:

Պետրոսյանը մասնավորապես նշել է. «Աղբանոցի մեկօրյա այցը և թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար: Նա որևէ աղերս չունի մայրաքաղաքի խնդիրների հետ... Միթե՞ խելամիտ կլինի, որ վաղը ես ղեկավարեմ որևէ ծննդատուն կամ պատարագ անցկացնեմ Մայր Աթոռում:

Այո, այսօր ԲՀԿ-ում իրականում կա ներկուսակցական ժողովրդավարության մթնոլորտ, բայց, ցավոք, այն այսօր հանգել է վատագույնին: Ուրացած կլինեմ, եթե չասեմ, որ Ծառուկյանը ոչ մի խնդրի վերջնական լուծում չի տալիս՝ առանց թիմակիցներին լսելու: Բայց սա անակնկալ էր:

ԲՀԿ-ում կան շատ ավելի արժանավոր և ունակ կադրեր (հանկարծ ինձ նկատի չունենաք, դա իմ տեղը չէ, իսկ այլ անուններ էլ չեմ տալիս, որ նրանց կրակը չգցեմ), ովքեր անհամեմատ ավելի պիտանի կլինեին Երևանն ի շահ երևանցու ղեկավարելու գործում... Բայց, զոռբա չլինելու հանգամանքը կանխեց նրանց լեգիտիմ ակնկալիքը:

Եվ ահա, պարզվեց, որ իմ հարազատ կուսակցության հարյուր հազարավոր անդամների մեջ միակ մարդը, ով իր կարծիքով, ունակ է զբաղեցնել ցանկացած պաշտոն (անգամ՝ կուսակցության հեղինակությունը գետնելու հաշվին), դարձյալ Նաիրա Զոհրաբյանն է: Գագիկ Ծառուկյանը եղել և մնում է իմ ավագ եղբայրը, մարդ, ով ինձ՝ բանվորի որդուս, առանց որևէ ակնկալիքի, սատարել է իմ քաղաքական կյանքում:

Նա իմ համար իսկապես հարգելի մարդ  է, ու ժամանակը դեռ շատ է ակնարկելու նրա անհրաժեշտությունը, բայց, եթե նրա ղեկավարած թիմում առանցքը Նաիրա Զոհրաբյանն է, ես այդտեղ անելիք չունեմ:

Այս ընտրությունը զուրկ է քաղաքական ու քաղաքագիտական պատվանդանից: Մենք իրականում շատ գրագետ և սրտացավ գործընկերներ  ունենք... Իսկ ինչու՞ ոչ նրանք, այլ հենց Նաիրա Զոհրաբյանը, ում կյանքի հիմնական իմաստը եղել և մնում է գործընկերների գործերը «խառնել»:

Շնորհակալ եմ իմ քաղաքական ղեկավարին և իմ զուսպ ու նվիրյալ թիմակիցներին»:

Placeholder
«Ծառուկյան» խմբակցության անդամը դեմ է Նաիրա Զոհրաբյանի առաջադրմանը