Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը համագործակցության դրական  օրինակներից է. Մնացականյան
Քաղաքական
11:23 03/08/2018
Հայաստան

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը համագործակցության դրական օրինակներից է. Մնացականյան

«Հայաստանը մեծապես կարևորում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա ամրապնդումը և հանձնառու է շարունակելու իր ակտիվ ներգրավվածությունն այդ նպատակով»,- այս մասին նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նախօրեին  Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Զոհրաբ Մնացականյանը և Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է երկկողմ ամուր իրավապայմանագրային դաշտի առկայությունը։

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջև արդյունավետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության փորձը և զինված ուժերի համադրելիության բարձր մակարդակը։ Նախարար Մնացականյանը նշել է որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը տվյալ ոլորտում համագործակցության դրական և կարևոր օրինակներից մեկն է։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարը և ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ: Հատուկ անդրադարձ կատարվել Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում ստեղծված իրադրությանը, ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետևանքով տարածաշրջանի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերներին։

Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը շատ զգայուն է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, քանի որ դրանք ուղղակիորեն առնչվում են Սիրիայում մեր հայրենակիցների անվտանգության, հայկական հարուստ պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցին։ 

 

Placeholder