Միջազգային «Inspired by Her Academy» նախագիծն իրականացվում է Հայաստանում՝ «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ
Հասարակություն
16:20 07/08/2018
Հայաստան

Միջազգային «Inspired by Her Academy» նախագիծն իրականացվում է Հայաստանում՝ «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ

2018թ․ օգոստոսի 3-ին  առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է «Inspired by Her (IBH) Academy» նախագիծը Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC)։ Հայաստանում նախագծի իրագործմանն աջակցում է «Ռոստելեկոմ» ընկերությունը։

Ընկերությունից հայտնում են, որ «Inspired by Her Academy»-ն եռամսյա ինտենսիվ կրթական և սկսնակ ձեռներեցությանն աջակցող նախագիծ է՝ ուղղված ընդլայնելու նախաձեռնող կանանց շրջանակը և նրանց սովորեցնելու գաղափարի ծագումից մինչ իրագործում ողջ շղթայի նրբությունները: Այս յուրահատուկ մոտեցման շնորհիվ, ակադեմիան հնարավորություն է ընձեռում կանանց՝ ձեռք բերելու ինքնավստահություն, ստանալու պրակտիկ գործիքներ  և զարգացնելու կառավարման հմտությունները:

Նախագծի ողջ ընթացքում ուսանողներին դասավանդելու և առաջնորդելու են միջազգային և հայաստանյան կայացած մասնագետներ՝ հնարավորություն տալով հանդես գալու սեփական նախաձեռնություններով և հետագայում իրենց հաջողություններով դառնալու ոգեշնչման աղբյուր շրջապատող մարդկանց համար։

Ծրագրի պաշտոնական մեկնարկին մասնակիցներին առցանց ողջունել է IBH նախագծի ղեկավար Օլգա Կեգորեանը և հաջողություններ մաղթել բոլորին։ Մասնակից երիտասարդներին ողջունել է նաև «Ռոստելեկոմ» Հայաստանի ներկայացուցիչ Սիրանուշ Գյուրջինյանը, ով խոսել է նմանօրինակ նախագծերի մասնակցության կարևորությունից յուրաքանչյուր երիտասարդի կամ ուսանողի համար, ինչպես նաև նախագծի հայաստանյան ղեկավար Վեներա Առաքելյանը ներկայացրել է  նախագծի շրջանակներում մասնակիցների անելինքներն ու ծրագրերը։ Նախագիծը հյուրընկալած ISTC կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Իննա Ամիրխանյանը ևս բարի երթ մաղթեց մասնակիցներին։

Ծրագիրը բաղկացած է երեք փուլից՝

- Առաջին փուլում մասնակիցները ձեռք են բերում տարատեսակ գիտելիքներ ու հմտություններ փորձառու մասնագետներից ամենատարբեր թեմաների շուրջ՝ մարքեթինգ, մենեջմենթ, հաղորդակցության հմտություններ, անձնային աճ, սոցիալական ձեռներեցություն և այլն։ Փուլի ավարտին մասնակիցները խմբերի են բաժանվում ընդհանուր գաղափարների շուրջ և սկսում աշխատել թիմերով։

- Երկրորդ փուլը մենթորային ծրագիրն է․ մասնակիցները իրենց գաղափարը վերածում են ծրագրի և սկսում են իրականացման նախագծումը։ 

- Երրորդ փուլում արդեն ծրագիրը ներկայացվում է ժյուրիին։ Ընտրվելու է լավագույն ծրագիրը և լավագույն մասնակիցը։ Ծրագիրը կեզրափակվի ավարտական երեկույթով՝ միավորելով բոլոր շահառուներին:  Լավագույն շրջանավարտին հնարավորություն կընդձեռվի մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրի արտերկրում` 6 շաբաթ ապրելու, սովորելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու սեփական միջավայրից դուրս։ Փոխանակման ծրագրի համար կտրամադրվի ամբողջական ֆինանսական աջակցություն։

Հայաստանում նախագիծը տևելու է երեք ամիս և ավարտին հանրությանը կներկայացվի հաղթող մասնակցի անունը։

Օգոստոսի 1-ից նախագիծը զուգահեռաբար մեկնարկել է նաև Պակիստանում՝ գրեթե նույն ծրագրով։

Placeholder