Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։
Ավելի վաղ խոսելով Վճռաբեկ դատարան դիմելու մասին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, նշել էր, որ վերաքննիչ դատարանն անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությանը և բավարարել պաշտպանների բողոքը, բայց փաստաբաններին դա չի բավարարում։
«Թող տպավորություն չստեղծվի, որ միայն անձեռնմխելիության խնդիրն էր։ Բազմաթիվ այլ հարցեր կան։ Մեր հիմնավորումները վերաբերում են ինչպես կալանքի պայմաններին, այնպես էլ հիմքերին։ Հիմնավորված չէ, որ մեր վստահորդը որևէ առնչություն ունի մեղադրանքին, և հիմքեր չկան, որ նա կարող է խուսափել կամ խոչընդոտել գործի քննությունը»,- ասել էր Խուդոյանը։
Դատախազությունն էլ իր հերթին Վճռաբեկ դատարանից պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և խափանման միջոց ընտրել կալանավորումը։