Պետական վերահսկողական ծառայությունն Անիի համայքապետարանում ուսումնասիրություններ է սկսել
Նախորդ ուրբաթ՝ Մարալիկում Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով ցույցից հետո, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ իրենց մասնագետները պետք է ուսումանսիրություններ անցկացնեն համայնքապետարանում՝ պարզելու արդյոք կառույցում ֆինանսական բնույթի խախտումներ կան, թե ոչ։
Տեղեկանալու՝ մեկնարկե՞լ են ստուգումները և խախտումներ հայտանաբերվել են, Panorama.am-ի թղթակիցը խոսեց ՊՎԾ մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանի հետ։
Վերջինս տեղեկացրեց, որ ուսումնասիրությունները մեկնարկել են այսօրվանից և կշարունակվեն առաջիկա մի քանի օրերին։ Խախտումներ դեռևս չեն հայտնաբերվել։
«Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա մենք լիազորություն ունենք ստուգելու, գնահատելու պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատությունը։ Սա օրենքով վերապահված դրույթ է»,- ասաց Զարուհի Մեջլումյանը։
Հիշեցնենք, որ Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը, ի պատասխան ուսումասիրություններ անցկացնելու մասին ծանուցման, Դավիթ Սանասարյանին ասել էր, որ սիրով պատրաստ է տրամադրելու բոլոր այն փաստաթղթերը, որոնք կպահանջվեն։
«Կատարեք ձեր վերահսկողական ֆունկցիաները, փորձենք հետևել, տեսնել՝ ինչ ունենք, ինչ չունենք»,- նշել էր նա։
Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով ցույցրեը, հիշեցնենք, մեկնարկել էին դեռ օգոստոս ամսից։ Մարալիկցիները համայնքապետ Արտակ Գևորգյանին մեղադրում են անգործության, մանկապարտեզները վաճառելու, տներ կառուցելու, թանկարժեք մեքենա ձեռք բերելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ճիշտ չէ, որ ճգնաժամը երկար տևի. Դավիթ Սանասարյանը՝ Անիի համայնքապետին
- Համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով ցույց՝ Մարալիկում
- Մարալիկում ուսումնասիրություններ կիրականացնենք. Սանասարյան