«Լուսավոր Հայաստանը» միայնակ կմասնակցի ընտրություններին
Քաղաքական
12:42 04/11/2018
Հայաստան

«Լուսավոր Հայաստանը» միայնակ կմասնակցի ընտրություններին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին.

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը իր կազմավորման հիմքում դրել է երկրում համակարգային, անշրջելի վերափոխումների առաքելությունը։

Կուսակցության խորհրդարանական առաջին ընտրություններում Ելք կուսակցությունների դաշինքով մասնակցությունը պատմական և ճակատագրական դարձավ ոչ միայն մեր ժողովրդի նորագույն պատմության, այլև «Ելք» դաշինքի յուրաքանչյուր կուսակցության համար առանձին-առանձին։

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որակապես փոխել է երկրում քաղաքական առաջնայնությունները, առաջին անգամ քաղաքական գործընթացների մասնակից յուրաքանչյուր սուբյեկտին շնորհելով հավասար մասնակցային հնարավորություններ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցության հետ երկար քննարկումների արդյունքում, որոշում է կայացրել Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով։ «Լուսավոր Հայաստանն» իր ցուցակում կներգրավի նաև ներկայացուցիչներ այլ գաղափարակից քաղաքական ուժերից և ակտիվ քաղաքացիական խմբերից։

Երևանի ավագանու ընտրություններից հետո բարձր գնահատելով «Հանրապետություն» կուսակցության հետ «Լույս» դաշինքով համատեղ անցած ճանապարհը, կուսակցությունները կշարունակեն համագործակցությունը Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության շրջանակներում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում «Ելք» դաշինքի իր գործընկերներին՝ անգնահատելի և կարևոր համարելով երկու՝ «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ երկամյա արտախորհրդարանական և խորհրդարանական բեղուն աշխատանքը։

Հավատում ենք, որ միասնական համատեղ աշխատանքի հզոր ներուժը սպառված չէ, ուստի նրանցից յուրաքանչյուրին մաղթում ենք հաջողություն առաջիկա ընտրություններում՝ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու»։

Placeholder
«Լուսավոր Հայաստանը» միայնակ կմասնակցի ընտրություններին