Մենք վեր ենք հանելու այն ստերի շարանը, որն արել է այսօրվա իշխանությունը. Շարմազանով
Քաղաքական
15:33 16/11/2018
Հայաստան

Մենք վեր ենք հանելու այն ստերի շարանը, որն արել է այսօրվա իշխանությունը. Շարմազանով

«Մեր ցուցակը տրամաբանակն ցուցակ է, որը բխում է ազգային պահպանողական գաղափարախոսությունից, մարդիկ են, ովքեր ազգային արժեքային համակարգի կրող են, որոնց համար ազցախյանի հարցի հայանպաստ լուծումը գերխնդիր է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գերխնդիր է, մտահոգված են ազգային-ավանդական ընտանիքի պահպանմամբ»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ «Իմ քայլ» դաշինքի նախընտրական ցուցակն  «աջաբսանդալ» է անվանել, որովհետև այդ ցուցակում ընդգրկված են շատ մարդիկ, այդ թվում նաև լրատվական դաշտից, քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք կուրծ էին ծեծում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, խիստ ձևով քննադատում էին հայ-ռուսական հարաբերությունները. «Այնինչ նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձել է հայ-ռուսական հարաբերությունների ջերմ երկրպագուն, ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի պաշտպան։ Ինձ համար հիմա ընկալելի չէ՝ այդ մարդիկ մնացել են իրենց կարծիքի՞ն, կարծում են, որ ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ն չարի՞ք են, թե հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի նման փոխել են իրենց կարծիքը։

Ինչ վերաբերում է Հանրապետականի ցուցակում ընդգրկված վերլուծաբան Դավիթ Շահնազարյանին՝ Շարմազանովն ասաց, որ իրենք կուսակցականամոլությամբ չեն տառապում, և ինքը շատ գոհ է, որ Դավիթ Շահնազարյանն իրենց ցուցակի երրորդ համարն է:

«Շահնազարյանը 1988-ից սկսած եղել է ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկը, մարդ է, որի համար ազգային արժեքները գերխնդիր են: Շատ կարևոր է Դ. Շահնազարյանի խոսքը հասցնել մեր հանրությանը: Նա Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմնադիրներից մեկն է»,- ասաց նա:

Լրագրողների հարցին, թե «Մենուա Հարությունյանն ասել է, որ ինքը ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվո՞ղն է, իսկ ո՞վ է լինելու ՀՀԿ-ի  դարպասապահը», Շարմազանովը պատասխանեց. «Հարվածներ կստանա ոչ թե ՀՀԿ-ն, այլ այսօրվա իշխանությունը, որն իրականացրել է բազմաթիվ բացթողումներ: Մենք վեր ենք հանելու այն ստերի շարանը, որն արել է այսօրվա իշխանությունը»:

Դիտարկմանը՝ թե բացառու՞մ են այն սցենարը, որ պահեստային կդառնան. «Ես երբեք պահեստային չեմ դառնա, ՀՀԿ-ն ևս՝ անկախ քվեարկության արդյունքներից»:

Մեկ այլ հարցի, թե որտե՞ղ է Սերժ Սարգսյանը և ինչու՞ չկա ցուցակում, ԱԺ փոխնախագահն ասաց. «Սերժ Սարգսյանը ՀՀ-ում է, մեր կուսակցության նախագահն է, իր տեղում է»։

Ճշտող հարցին, թե Տարոն Մարգարյանը Հայաստանու՞մ է, նա պատասխանեց. «Երկու օր առաջ հայաստանում էր, հիմա չեմ կարող ասել»։

Placeholder