Գրություն ԱԺ նախագահին
Քաղաքական
11:25 16/11/2018
Հայաստան

Գրություն ԱԺ նախագահին

Ինչպես նախորդ օրերին, այսօր ևս ԱԺ քառօրյայի նիստի մեկնարկին քվորում չէր ապահովվել:

Քանի դեռ քվորում չէր ապահովվել, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ համապատասխան գրություն է ստացել՝ ստորագրված բոլոր խմբակցությունների ղեկավարների կողմից:

Նա ընթերցեց տեքստը, որում մասնավորպես նշված էր. «Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 4-ի հերթական նիստերը համընկնում է դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին նախորդող քարոզչական ժամանակահատվածին, միաժամանակ մտավախություն ունենալով, որ նիստերի ընթացքում պատգամավորների ելույթները կարող են մեկնաբանվել նախընտրական քարոզարշավի իրավունքի իրացման չարաշահում, խնդրում ենք վերոնշյալ պատգամավորների բացակայությունը համարել հարգելի»:

Արա Բաբլոյանը նկատեց, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքը և դրա 23-րդ հոդվածը հստակ տարանջատում է, թե որ դեպքում չի կարելի քարոզչություն իրականացնել պետական կառույցներում:

«Վստահ եմ, որ սա հիմք կհամարենք և բացակայությունները հարգելի կհամարենք»,-ասաց ԱԺ նախագահը:

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը վարման կարգով նշեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շրջանառության մեջ առկա են որոշ նախագծեր,  պետք է որևէ մեխանիզմ գտնել և կարևորություն ներկայացնող նախագծերը ներառել արտահերթ նիստի օրակարգում:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին առաջարկեց դիմել կառավարությանը, որպեսզի կարևորագույն մեկ-երկու նախագծերի քվեարկությունը ևս ներառվի:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հարց հնչեցրեց. «Ստորագրությունները կհավաքենք, բայց վստա՞հ եք, որ քվորում կապահովեք, երբ նոր նիստ անցկացնենք, բյուջեի համար 21-ին, պետք է ապահովենք քվորում: Բայց շարունակությունը մի քիչ լավ չեմ պատկերացնում»:

Placeholder