ԱԺ-ն մերժեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը
Մինչ այսօր խորհրդարանում քվեարկության կդրվեր «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նախագծի հեղինակ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է: Նա պատգամավոր գործընկերներին կոչ արեց աջակցել օրինագծին:
Ընդգծեց, որ նախագիծը վերաբերում է մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը, հետևաբար, շատ կարևոր է, որ այսօր այն ընդունվի: Մարուքյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախագիծը որևէ քաղաքական աստառ չունի և բացառապես հումանիստական բնույթ է կրում:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս իր աջակցությունը հայտեց Մարուքյանին:
«Հորդորում եմ իմ այն գործընկերներին, որ հումորի համար նստել են դահլիճում, կուզեն կքվեարկեն, կուզեն չեն քվեարկի, հասկանալ, որ այս պահին ՀՀ բոլոր կալանավայրերում հետևում են այս նախագծի քվեարկությանը: Մարդիկ շատ դեպքերում անհարկի ենթարկվել են ոչ մարդկային վերաբերմունքի, մենք պարտավոր ենք վերականգնել այդ մարդկանց իրավունքը: Հորդորում եմ գոնե այս նախագծին կողմ քվեարկել և չտապալել»- ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց հարգել միմյանց քվեարկությունները: Նա միաժամանակ նշեց, որ պաշտպանում է այս նախաձեռնությանը:
«Սա այն դեպքն է, երբ երկու լոռեցիների կարծիքը համընկնում է, ես կողմ եմ քվեարկելու»,- ասաց Շարմազանովը:
Նախագիծը, սակայն, 48 կողմ ձայնով չընդունվեց: Արձանագրվեց 0 դեմ և 0 ձեռնպահ ձայն:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է փոփոխել Քրեական օրենսգիրքը և նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել մեկուկես օր:
Հարակից հրապարակումներ`
- «Օսվենցիմը սանատորիա է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանների համեմատ. Նաիրա Զոհրաբյան
- Էդմոն Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել է մեկուկես օր
- Եթե կալանքի տակ գտնված անձը տառապանք է կրել, պետութունը պետք է պատասխանատվություն կրի. պատգամավոր