Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը
Հասարակություն
14:17 17/11/2018
Հայաստան

Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը

«Ռուբեն հեռացիր», «Վերջ կենդանիների ոչնչացմանը» պաստառներով Երևանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա են իրականացնում այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները՝  պահանջելով կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

Նրանք դժգոհում են տնօրենի գործելաոճից, նշում, որ  Ռուբեն Խաչատրյանը կենդանասեր չէ, ոլորտին չի տիրապետում:

«Ինքն այնպիսի մարդ է, որ կարող է աշխատավարձ փոխանցի, հետո մի մասը հետ ուզի։ Որ մեկն ասենք, ասելու շատ բան կա։ Նա մենակ գումարի մասին է մտածում, ոչ կենդանու, ոչ բնապահպանական ոլորտի։ Եթե պետք լինի խանութ սարքել, ծառերեն էլ կկտրի, խանութ կսարքի»,- լրագրողներին ասաց այգու Կենդանիների բաժնի խնամքի համակարգող Մանուկ Մանուկյանը, ում ազատել են աշխատանքից:

Նա նշեց, որ բողոքի ակցիան կլինի շարունակական մինչև նա հեռանա աշխատանքից։

«Աշխատողն անպայման պետք է լինի մասնագետ»,- ընդգծում են ակցիայի մասնակիցները։

Կենդանաբանական այգու խոսնակ Ռուբեն Աբրահամյանը լրագրողներին ասաց, որ Ռ.Խաչատրյանը մոտ օրերս հանդես կգա ասուլիսով: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի արտահայտել իր բողոքը։

«Ինչ վերաբերում է հնչեցված մեղադրանքներին, դրանց  մեջ կան իրավական տարրեր, դրանք պետք է ներկայացվեն իրավապահ մարմիններին, իրավապահ մարմիններն էլ համապատասխան գործողություններից հետո տան համապատասախան գնահատական»,-  նշեց նա։

Ռ. Աբրահամյանի խոսքով, նախատեսվում է, որ  Երևանի քաղաքապետարանը համապարփակ, լայնածավալ ստուգումներ կանցկացնի այգում ու ամեն ինչ կընկնի իր տեղը։














Placeholder
Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը