Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիմա մենք համաձա՞յն ենք ևս երկու Ռամիլ Սաֆարով վերադարձնելու Ադրբեջանին. Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ կհանդիպի Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողների հետ:
Ըստ նրա՝ ծնողներից հանդիպման ակնկալիքով դիմում են ստացել և հանձնարարել է կազմակերպել հանդիպումը:
«Կինս երկու անգամ արդեն իսկ այցելել է այդ ընտանիքին, ինչը նշանակում է, որ երբեք էլ այդ հարցը մեր ուշադրությունից դուրս չի եղել: Բայց այն օրվա ակցիան, ճիշտն ասած, հարցեր առաջացրեց ինձ մոտ: Այդ հարցերը հետևյալն են` ո՞ւմ դեմ էր ուղղված այդ ակցիան, ո՞ւմ դեմ, եթե դա Ադրբեջանի իշխանության գործողությունների դեմ էր, ինչո՞ւ էին այդ դեպքում փակում ճանապարհը, որն ընդհանրապես Ադրբեջանի ստրատեգիական նպատակներից մեկն է: Եթե այդ ակցիան մեր դեմ էր, նրա համար, որ մենք բավարար ուշադրություն չենք դարձնում խնդրին, ապա հարց է ծագում` ինչո՞ւ էր վարչապետի կինը երկու անգամ այցելում ընտանիքին, և արդյոք մենք ունե՞նք այդպիսի նախադեպ, երբ որ այդ իրավիճակում հայտնված ընտանիքն այսպիսի ուշադրության է արժանանում: Եթե խոսքն այն մասին է՝ Հայաստանը պետք է հետ վերադարձնելու կամ փոխանակման ուղղությամբ ջանքեր գործադրի, իհարկե, պետք է գործադրի, բայց արդյոք այդ պրոցեսը պետք է համապատասխանի Հայաստանի շահերին, թե մենք ասում ենք` ինչ գնով ուզում է թող վերադարձնենք, դրանից հետո ինչ կլինի, ինչ արձագանքներ կլինեն, ընդհանուր առմամբ հանրությունը ոնց կվերաբերվի դրան, ինչ գնահատականի կարժանանա, կարևոր չէ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ դա հեշտ լուծվող հարց չէ:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Կարեն Ղազարյանի իրավիճակում գտնվող ևս մի տղա, նա էլ գերության մեջ է. «Ինչո՞ւ նրա համար ճանապարհներ չեն փակում, որովհետև նա որբանոցի երեխա է դրա համա՞ր, այս տրամաբանությամբ ենք առաջնորդվում` որբանոցի տղա է, ոչինչ, թող մնա այնտեղ»:
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ հիմա շատ է խոսվում այն մասին, որ Ադրբեջանն առաջարկում է փոխանակել բոլորին բոլորի հետ, բայց արդյոք պե՞տք է գնալ այդ ճանապարհով:
«Արցախում գտնվող երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը ազատազրկվել է 20 տարով, որովհետև նրանք երկու հոգու, այդ թվում՝ պատանու են սպանել, մեկ հոգու էլ վիրավորել: Հիմա մենք համաձայն ենք ևս երկու Ռամիլ Սաֆարո՞վ վերադարձնելու Ադրբեջանին, համաձա՞յն ենք այս տարբերակին: Ես հասկանում եմ, շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում այդ ընտանիքի վշտին, բայց ես ուղիղ եմ ասում՝ հայ-վրացական ճանապարհը փակելը ինձ համար ուղղակի անհասկանալի էր»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե որևէ մեկը մտածում է, որ ինչ-որ բան կարող էին անել և չեն արել, ապա ճիշտ չի ընկալում իրավիճակը: «Ես կհանդիպեմ Կարեն Ղազարյանի ծնողների հետ և կխոսեմ անկեղծ մեր հայրենակիցների հետ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: