ԱԺ նախագահի հայտարարությունը՝ դատախազության միջնորդության մասին
Քաղաքական
11:48 03/12/2018
Հայաստան

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ դատախազության միջնորդության մասին

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մասին։

«Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:

ԱԺ կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածն ասում է.

1. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

2. Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.

1) մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել.

2) մտքերի փոխանակություն.

3) միջնորդագրում նշված պատգամավորին և գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև 20 րոպե:

3. Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

4. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

Placeholder