Զինհաշմանդամների խնդիրներն ուշադրության կենտրոնում են. ՊՆ
Այսօր` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամները` զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ պարբերաբար կազմակերպվող նմանատիպ միջոցառումների նպատակն է սպորտի միջոցով հավասար հնարավորություններ ապահովել ու խթանել հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը:
ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում զինվորական հաշմանդամները մրցել են շախմատ, շաշկի, բազկամարտ և սեղանի թենիս մարզաձևերում:
Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողներին ողջունել և շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։ Ընդգծելով, որ տարբեր պատճառներով հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկների և զինծառայողների առողջական ու սոցիալական ապահովման խնդիրները մշտապես զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում են գտնվում, Դավիթ Տոնոյանը քաջալերել և ոգու ամրություն է մաղթել զինհաշմանդամներին:
Հարակից հրապարակումներ`
- Հաշմանդամների միջազգային օրն է
- Պետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների արժանապատիվ իրացումը. ՄԻՊ
- Արցախում առաջնահերթ կարևորություն ունի հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանությունը. ԱՀ ՄԻՊ
- Զինհաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծում են նաև կրթության և աշխատանքի հարցերը. ԱԽ քարտուղար
- Զինհաշմանդամներին զննելու համար գերմանական կլինիկայից ժամանած մասնագետները՝ ՊՆ-ում
- «Երբ սկսում են սայլակներից վեր կենալ». նաև բիզնես ծրագրեր զինհաշմանդամների համար